Հայերին ու ադրբեջանցիներին «եղբայրացրել» են համեղ սնունդն ու Դաղստանի երկինքը

Ադրբեջանցի մասնակիցները սրտանց շնորհավորել են հայերին մրցանակային տեղեր զբաղեցնելու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական բաղադրատոմսով պատրաստած հավի կրծքամիսը հիացրել է Դաղստանի միջազգային գաստրոնոմիական փառատոնի ժյուրիին, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգորի Անտինյանը։ Նրա խոսքով` հայկական ճաշատեսակը Հարավային Կովկասի երկրներից միակն է եղել, որը փառատոնի մրցանակ է ստացել։

Ինչպես ֆրանսիացին վճարեց «ալարկոտության» համար և հայտնվեց Հայաստանում. բացառիկ հարցազրույց

Միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին, բուն միջոցառումը տեղի կունենա մարտի 25-26-ին։ Մրցանակային առաջին օրվա արդյունքում հայ խոհարարները` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության ներկայացուցիչներ Յուրա Սարգսյանը և Էմիլ Դավթյանը, զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։

Փառատոնին մասնակցում են 28 խոհարար աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Սերբիան, Խորվաթիան։ Ժյուրիի կազմում են նաև միջազգային դատավոր Ալան Փայերը (Մավրիկիա) և միջազգային դատավոր Իզտոկ Լեգատը (Սլովենիա)։ Երկուսն էլ ներկայացնում են շեֆ խոհարարների միության համաշխարհային ասոցիացիան (WACS)։

«Առաջին օրը պետք է ճաշատեսակ պատրաստեինք հավի կրծքամսից։ Մենք ժյուրիի դատին հանձնեցինք հավի փափկամիս` ավոկադոյով և ծնեբեկով, ինչպես նաև հավ` լցոնած չորացրած լոլիկով և տապակած սերկևիլով` համեմված սերուցքային սոուսով», — ասաց Անտինյանը։

Miechlen–ի խոհարարը հիացած է հայկական տոլմայով ու թթի օղիով. ի՞նչ է նա խնդրել հայերից

Նրա խոսքով` միջոցառումը կազմակերպված է եղել բարձր մակարդակով. դատավորները հետևել են մասնակիցներին ամենայն խստությամբ` ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին։

Այսօր հայ մասնակիցները կներկայացնեն ճաշատեսակներ, որոնց հիմնական բաղադրիչը ոչխարի միսն է։

«Մենք կպատրաստենք հայկական դամածո (սեփական հյութի մեջ պատրաստված միս, խմբ.)` եվրոպական մատուցմամբ, ինչպես նաև եվրոպական ձևով ոչխարի միս», — ասաց Անտինյանը։

Նա նշեց, որ խոհանոցը սահմաններ չունի։ Դաղստանում Հայաստանի պատվիրակությանը բոլորը ջերմ են ընդունել, այդ թվում` Ադրբեջանի խոհարարները։

«Խոհանոցը սահմաններ չի ճանաչում։ Թեև ադրբեջանցիները ոչինչ չշահեցին, բայց մեզ սրտանց շնորհավորեցին», — ասաց Անտինյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հնարավոր է` առաջիկայում Հայաստանը դառնա խոհարարների միջազգային ասոցիացիայի պատվավոր անդամ։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին խոհարարների հայկական պատվիրակությունը մասնակցել է Հնդկաստանում հունվարի 28-ից փետրվարի 2-ը տեղի ունեցած երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադային (YOUNG CHEF 2018)։ Հայաստանը զբաղեցրել է պատվավոր հինգերորդ տեղը։ Մրցույթին մասնակցել են խոհարարներ աշխարհի 50 երկրից։