ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Դեղերի ստվերային վաճառքը դեղերի վաճառքի մասին նոր օրենքի ընդունումից հետո ոչ թե կարող է ի հայտ գալ, այլ արդեն գոյություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ Վահե Վարդանյանը։
«Այսինքն հիմա, եթե ես ցանկանամ որևէ դեղատնից որևէ դեղ գնել, չեմ կարո՞ղ։ Իհարկե, կարող եմ, մեկից մեկ։ Հատկապես եթե դեղատան աշխատակիցն ինձ գոնե դեմքով ճանաչում է, կտա ինձ անհրաժեշտ դեղը։ Չճանաչելու դեպքում գուցե վախենա, բայց ճանաչելու դեպքում` ոչ մի խնդիր»,- ասաց մեր զրուցակից բժիշկը։
Վարդանյանն այսօր Ազգային ժողով էր եկել դեղերի վաճառքի նոր կարգի մասին խորհրդարանական լսումներին մասնակցելու, և դրա շուրջ իր ունեցած հարցերի պատասխանները ստանալու։ Լսումները կազմակերպել էր «Ծառուկյան» խմբակցությունը։
«Նախ նախարարը չկար, ինչը շատ վատ էր, քանի որ մենք կցանկանայինք մեր հարցերի պատասխանները հենց նախարարից ստանալ։ Իսկ փոխնախարարին մենք մի հարց էինք տալիս, նա մեկ այլ հարցի էր պատասխանում»,- ասաց Վարդանյանը։
Խորհրդարանում ավելի քան 3 ժամ տևած լսումների ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն ու պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին։
Անդրադառնալով առողջապահական ոլորտի ծառայությունների մատուցման որակի ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին հարցերին` առողջապահության փոխնախարարը վստահեցրեց, որ նոր կարգը որևէ կերպ չի ազդի առողջապահության ոլորտի ծառայությունների որակի վրա։
«Այդ ծառայություններն ինչպես մատուցվել են, այնպես էլ շարունակելու են մատուցվել»,- վստահեցրեց Խաչատրյանը։
Իսկ հանգստյան, տոն օրերին կամ հրատապ դեպքերում խորհուրդ տվեց կապ հաստատել շտապօգնության ծառայության հետ կամ դիմել հիվանդանոցների հերթապահ բժիշկներին։
«Բազմաթիվ դեղեր` ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող, մրսածության, ստամոքսի խանգարումների, արյան մակարդելիության վրա ազդող դեղեր, հակասնկային և այլ, ինչպես առանց դեղատոմսի վաճառվել են, այդպես էլ վաճառվում են այսօր»,- ասաց փոխնախարարը։
Լսումների ընթացքում փոխնախարարի տված մեկնաբանություններից դժգոհ մեկ այլ մասնակից, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը Sputnik Արմենիային պատմեց, որ մինչ այդ փորձել է հասարակական կարծիքի փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել` ծանոթ-անծանոթների շրջանում` հասկանալու համար դեղերի վաճառքի նոր կարգի մասին հանրության կարծիքը։
«Բացարձակապես բոլորը դժգոհ են։ Մարդիկ կարծում են, որ սա ավելորդ բարդություններ է առաջացնում, և գործնական ոչ մի օգուտ չի տալիս։ Գոհ մարդ չկա, նույնիսկ շատ հայտնի բժիշկները խոստովանում են, որ շատ վատ կազմակերպված որոշում է, անհեռատես»,- ասաց նա։
Մելիք-Ադամյանի համոզմամբ` այս գործընթացի հետևում իրականում թաքնված է տնտեսական շահը, քանի որ 2020թ-ին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը հասնելու է 1 մլրդ դոլարի, և բյուջեի մուտքերն ավելացնելու համար մեծ բիզնեսները ստվերից հանելու փոխարեն կառավարությունը փորձում է հարկել բժիշկներին։
«Բժիշկների մի մասն իր աշխատավայրում գրանցված չէ, մյուս մասն էլ պետական աշխատավարձ չի ստանում. գումարի դիմաց ամեն ամիս ստորագրում են, բայց գումարը չեն վերցնում։ Հիմա այս դեղատոմսերի գումարից բժշկին նաև ուզում են հարկել։ Հաշվելու են, տեսնեն` բժիշկը քանի դեղատոմս է գրում, հաշվեն` ինչքան եկամուտ է ստացել և հարկեն»,- ասում է բժիշկ Հայկ Վարդանյանը։
Նշենք, որ նոր օրենքով, բժշկի տրամադրած յուրաքանչյուր դեղատոմսի դիմաց հիվանդը պարտավոր է նրան 30 դրամ վճարել։
«Ձևաթուղթը ես եմ տպագրում, իմ ծախսով, ես եմ պատվիրում տպարանում։ Այդ դեպքում էլ ինչո՞ւ եմ դրա դիմաց պետությանը հավելյալ գումար վճարում»,- հռետորական հարց է հնչեցնում Վարդանյանը։
Ինչ վերաբերում է դեղատոմսերին, առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ մինչ օրենքի ընդունումը Հայաստանում ամեն տարի 1 800 000- 2 000 000 դեղատոմս է դուրս գրվել։
Ինչ վերաբերում է հանրության դժգոհություններին, փոխնախարար Խաչատրյանը հայտարարեց, որ մարտի 1-ի համեմատ այսօր նախարարություն հասնող դիմում- բողոքները տասնյակ անգամ նվազել են։
Հիշեցնենք, որ «Դեղերի վաճառքի մասին» օրենքը մշակվել է 2015-ին, ընդունվել` 2016թ-ին և ուժի մեջ է մտել 2018թ-ի մարտի 1-ից։
Ընդ որում, մարտի 1-ից օրենքը տարածվել է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի վրա։ Հուլիսի 1-ից դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում կներառվեն նաև բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից` բոլոր այն դեղամիջոցները, որոնք արտադրողների նշագրման համաձայն` նախատեսված են դեղատոմսով վաճառքի։
Նշենք, որ Հայաստանում գրանցված 4700 անուն դեղերից դեղատոմսով վաճառքի է ենթակա 2700-ը։ Դեղամիջոցի վաճառքի կարգը որոշում է ոչ թե տվյալ երկրի կառավարությունը, այլ արտադրողը` դեղի ներդիրում նշելով`«բաց է թողնվում դեղատոմսով»։