ԱՄՆ–ն նմանատիպ նվեր կստանա. Ջաբարովը` ռուս դիվանագետների արտաքսման մասին

Ռուսաստանի Դաշնության Խորհրդում վստահ են, որ Թրամփը ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշումն ընդունել է ամերիկյան վերնախավի ուժեղագույն ճնշման տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանը կարտաքսի ամերիկյան դիվանագիտական առաքելության առնվազն 60 աշխատակցի` ի պատասխան ռուս 60 դիվանագետների արտաքսմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Սկրիպալի գործը». ԱՄՆ–ն և ԵՄ 14 երկրները արտաքսում են ռուս դիվանագետներին

«Հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն է որոշում կայացնելու, սակայն հասկանալի է նաև, որ միջոցները հայելային են լինելու, կանդրադառնան նույն քանակի աշխատակիցներին, քանի որ մեր դիվանագիտական առաքելությունների թիվը նույնն է։ Այնպես որ ԱՄՆ-ն այդ «նվերի» պատասխանը կստանա», — ասել է Ջաբարովը։

Նա նշել է, որ անկասկած, Դոնալդ Թրամփը ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշումը կայացրել է ամերիկյան վերնախավի ուժեղագույն ճնշման տակ։

«Նա խիստ քննադատության արժանացավ այն պատճառով, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորեց վերընտրվելու կապակցությամբ, պատրաստվում էր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, արդյունքում նա ստիպված եղավ արտաքսման մասին որոշում կայացնել, որպեսզի ապացուցի, որ նա Ռուսաստանի ընկերը չէ», — ասել է սենատորը։

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն, Կանադան, Ուկրաինան և Եվրամիության մի շարք երկրներ ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում են կայացրել։