«Շիրակի» ճակատագիրը փակ դռների հետևում. ո՞վ է մեղավոր` ռեկտո՞րը, թե՞ դասախոսները

Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակը ստիպել էր հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստ հրավիրել, որին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի համալսարանից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հարցը կարող է բողոքարկվել միայն դատական կարգով։ Այսօր Գյումրիում համալսարանի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստից հետո լրագրողներին ասաց համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը։

«Ազատված դասախոսների մասով մենք ոչինչ չենք կարող անել: Նրանք կարող են այդ հարցը ներկայացնել դատարան: Երբ հրամանը տրված է, այն կարող է վիճարկվել, բողոքարկվել միայն դատական կարգով։ Եթե եղել է Աշխատանքային օրենսգրքի խախտում, և ռեկտորն ապօրինի հրաման է տվել, դա լուծման միայն մի ճանապարհ ունի, այն է՝ օրենսդրական ճանապարհը»,- ասաց Ցոլակյանը։

Նրա խոսքով` եթե դատարանը որոշի, որ ռեկտորը սխալ է եղել, այդ ժամանակ էլ ռեկտորին պատժելու հարցը կդրվի։

Ինչ վերաբերում է համալսարանի չարաշահումներին կամ ՀՀ ԿԳ ուսումնասիրությունների ու աուդիտի արդյունքներին, ապա դրանք առաջիկայում կհրապարակվեն բուհի կայքում:

Նիստից հետո Ֆելիքս Ցոլակյանն ու նիստին մասնակցած ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն հանդիպեցին ուսանողների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր հնչեցրին հատկապես իրենց իրավունքների, իրենց վրա տարբեր ճնշումների գործադրման և աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգման վերաբերյալ:

Левон Мкртчян и Феликс Цолакян

«Մեր համոզմամբ` այս խնդիրը համակարգային է: Խնդիրն աճեց միայն այն պատճառով, որ ժամանակին բարձրացված հարցերին պատասխաններ չտրվեցին ու քայլեր չձեռնարկվեցին»,- նշեց ուսանող Աշոտ Թադևոսյանը:

Նախարարը խոստացավ անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ հանդիպել ուսանողների հետ և լսել ուսումնական պրոցեսի հետ կապված նրանց դիտարկումները:

Լևոն Մկրտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանն ուսանողների հետ հանդիպումից հետո առանձնազրույց ունեցան նաև աշխատանքից ազատված դասախոսների մեկի` Հովհաննես Խորիկյանի հետ:

Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանն աշխատանքից ազատվել են մարտի 15-ին։ Պայմանագրերի լուծարման հիմքում դրվել են ՇՊՀ գիտական խորհրդի, ինչպես նաև նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ հիմք ընդունելով 5-6 ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները: Ազատված դասախոսները նշում են, որ դեռ 6 ամիս առաջ ռեկտորի «կամայականությունների» դեմ իրենց բողոքների, բաց նամակի, դասադուլի ու հացադուլի գործընթացից հետո նմանատիպ հանգուցալուծում սպասում էին, բայց դա արվել է իրավունքների կոպիտ խախտումներով: