ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայտնի թուրք երգչուհի և դերասանուհի Զուհալ Օլջային դատապարտել են 10 ամսվա ազատազրկման 2017 թվականին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆերգանը»` Hurriyet-ին հղում կատարելով։
Օլջայը մեղադրվում է «Դատարկ աշխարհ» (Boş Vermişim Dünyayı) երգի կատարման ժամանակ դրա բառերը փոխելու և կրկներգում Էրդողանի անունն ընդգրկելու համար՝ վիրավորական շարժում անելով երգի ժամանակ։
«Ռեջեփ Թայիփ Էրդողան, այս ամենը դատարկություն է, այս ամենը սուտ է, կյանքը կավարտվի մի գեղեցիկ օր և դուք կասեք` «Ես մի երազանք ունեի»»,-բեմից երգել է Օլջայը։
Միևնույն ժամանակ նա մեջտեղի մատն է տնկել` վիրավորական շարժում անելով։
Բնօրինակում բառերը հետևյալն են. «Աշխատանքը, ազդեցությունը, կարիերան, փողը` այդ ամենը դատարկություն է, սուտ է…»։
Ելույթը տեսագրվել է և կարճ ժամանակ հետո գրավել իրավապահ մարմինների ուշադրությունը։
Թուրքիայում նախագահին վիրավորելու համար մինչև չորս տարվա ազատազրկում է նախատեսվում։ Քննիչը դատարանում Օլջայի համար առավելագույն ժամկետ է պահանջել։ Ինքը` երգչուհին պնդել է, որ որևէ վատ բան նախագահի հասցեին նկատի չի ունեցել։ Իսկ անվայելուչ շարժումը, նրա պնդմամբ, հասցեագրված էր հանդիսատեսներից մեկին։
Ի դեպ, 2010թ. Օլջայն արդեն մեկ անգամ տուգանվել է` պետաշխատողին վիրավորելու համար։