ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում այսօր կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»):
Բանաձևը համահեղինակել են մոտ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Այն համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով, որ ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծել է` հիշյալ բանաձևի նախաձեռնումը Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական և շարունակական հանձնառության արտահայտությունն է:
«Բանաձևը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարևոր գործոն է: Դրանով հաստատողներն իրենց մտահոգությունն են հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման և ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բանաձևը հատուկ ուշադրություն է դարձնում Ցեղասպանության նախանշանների և պատճառների բացահայտմանը:
Այն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը:
Փաստաթղթով այն հաստատողները նաև իրենց գոհունակությունն են հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակման կապակցությամբ։
Բանաձևով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին առաջարկվում է Մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել բարձր մակարդակի քննարկում` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին: