Շուտով բոլոր տներում հագուստի 3D–տպիչներ կհայտնվեն. Վահան Մարտիրոսյան

3D տպագրության ոլորտի փորձագետը վստահ է, որ երկու–երեք տարի անց պայմանականորեն միջին ընտանիքը կարող է իր տանը 3D տպիչով տպել այն ամենը, ինչ ցանկանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. TRYFIT TECHNOLOGIES LTD գլխավոր գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը «Դոմ» պարբերականի հետ զրույցում պատմել է 3D տպագրության նոր հնարավորությունների մասին։

DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

Թեև այսօր տնային պայմաններում 3D տպագրությունն օգտագործում են առավելապես էնտուզիաստները, բայց նրա խոսքով` սարքերի և ծախսվող նյութերի նվազող գները ուրիշ տիեզերք են բացում։ Նույնիսկ այսօր հնարավոր է սեփական բնակարանում տպել եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բաներ` շենքերի մոդելներ, կահույք, կենցաղային սարքեր, հուշանվերներ, խաղալիքներ։ Մարտիրոսյանը վստահ է, որ 3D տպիչի օգնությամբ կարելի է հագուստ տպել։

«Իհարկե, այդպիսի տաբատների և կիսաշրջազգեստների հարմարավետության, ինչպես նաև տպված արդուկների և թեյնիկների արժեքի հարցը դեռ լուծված չէ», — հոգոց է հանում Մարտիրոսյանը։

Փորձագետը ենթադրում է, որ 5-10 տարի անց հագուստը համատարած կպատրաստվի անհատական չափերով մարդու մարմնի 3D սքանի հիման վրա։ Ընկերությունում կարծում են, որ 3D տպագրության խթանի առանցքային գործոնները կլինեն հագուստի ու կոշիկի արտադրության ոլորտի փոփոխությունները։

«Այսօր արդեն կարելի է կոշիկ տպել ոտնաթաթի ձևին համապատասխան, ինչպես նաև հայտնի ապրանքանիշների անհատական մարզակոշիկներ պատրաստել», — նշել է Մարտիրոսյանը։

Տպիչով պատրաստված սագ ուզող կա՞. 3D տեխնոլոգիայով առաջին ռեստորանը

Նրա խոսքով` քիչ հավանական է, որ յուրաքանչյուր տանը տեղադրվեն արդյունաբերական տպիչներ, բայց կարող են տեղադրվել յուրաքանչյուր առևտրի համալիրում կամ խանութում։

Մարտիրոսյանի կարծիքով` տնային տնտեսությունների և ռիթեյլերների համար հեռանկարը լավատեսական է։

«Ռուսաստանը չափազանց մեծ երկիր է, և ոչ բոլոր տեղերում կան մեզ դուր եկած ապրանքանիշերի խանութները, և ամեն տեղ չէ, որ կա անհրաժեշտ չափսը։ Քչերն են ցանկանում օնլայն գնում կատարել, ուստի ռիթեյլերներն ինտերնետային տիրույթում շատ ցածր կոնվերսիա ունեն։ Իրավիճակը կփոխի 3D հեղափոխությունը, որից հետո հնարավոր կդառնան անհատական չափսերով պատվերը և կոշիկի տպագրությունը», — բացատրում է Մարտիրոսյանը։

Փորձագետը ենթադրում է, որ ժամանակի հետ ցանկացած վայրում կոշիկի և հագուստի 3D տպիչներ կհայտնվեն։