Երևանում էլեկտրահարված փոքրիկն ու տատը մենակ են եղել. ողբերգական պատմության մանրամասները

Բնակարանում հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին, իսկ ննջասենյակում` վնասված էլեկտրական սավան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ Այս մասին նշված է քննչական կոմիտեի կայքում։

Սպանել են դստերն ու կնոջը. 2,5 տարի «նստած» Խորեն Ղազարյանը գիտի` ով է սպանողը

2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում մոխրացած, ածխացած, դարչնագույն վնասվածքներով:

Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը եղել են թոռնիկն ու տատիկը (ծնված 10.11.1953թ.)։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: