Ամառը շոգ է լինելու. Սևանում կրկին «կբացե՞ն փականը»

Այսօրվա դրությամբ ջրամբարների 39 տոկոսն է լցված, ինչը 2016 թվականի ցուցանիշից գրեթե 20%–ով պակաս է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կարող է լինել։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Կարինե Դանիելյան. «Սևանա լճից անհեռատես ջրառը կարող է հանգեցնել երկրաշարժի»

Այսօրվա դրությամբ ջրամբարների 39 տոկոսն է լցված։ Սա ավելի քիչ է, քան նախորդ երկու տարիներին։ 2017 թվականին ջրամբարների 47.3 տոկոսն է լցված եղել, 2016-ին՝ 58 տոկոսը:

Ձմռանը տեղումներ քիչ են եղել, այդ պատճառով էլ սպասվածից քիչ ջուր է հավաքվել։ Եթե տեղումները քիչ լինեն նաև գարունը, ապա ամռանը, հավանաբար, ստիպված կլինենք դիմել խորհրդարան Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու համար։

Եթե Սևանի ջուրն էլ չհերիքի, ապա կավելացվի ստորգետնյա ջրերով ոռոգումը։ Այդ նպատակով Արմավիրի շրջանում աշխատանքային վիճակի կբերեն 14 հորատանցքերը, հավելյալ կհորատեն ևս 23-ը։ «Դրա համար կարող է մոտ 1 մլրդ դրամ (2,1 մլն դոլար) անհրաժեշտ լինի»,- ավելացրեց Հարությունյանը։

Շարժական 20 պոմպ կգնեն (ընդհանուր գումարը` 200 մլն դրամով), որոնք անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն չորային հողատարածքներ։

Ինչպես միշտ, ռիսկի գոտում են հայտնվել Արմավիրի մարզի Բաղրամյանի և Թալինի չորային շրջանները, որոնց դաշտերն ու այգիները կփրկեն միայն Թուրքիային սահմանակից Ախուրյան գետն ու դրա ջրամբարը։ Եվ եթե գետի ջուրը չհերիքի, ստիպված կլինեն ջուր ստանալ գետնի տակից։

Հարությունյանը նշեց` ջուր քաշել կհաջողվի` անկախ վերջին տարիների խնդիրներից. ստորգետնյա ջրերը շատ խորը չեն անցել։