Նաև հայ միգրանտներից է կախված Եվրոպայի հետ վիզայի ազատականացման ռեժիմը. Քոչարյան

Եվրոպան մտավախություն ունի, որ վիզաների ազատականացումից կարող են օգտվել նոր միգրանտները։ ՀՀ փոխարտգործնախարարը կարծում է, որ մտավախությունը տրամաբանական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցը կախված է նաև ապօրինի միգրանտների վերադարձից։ Այսօր կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Առանց վիզայի ռեժիմ 4 երկրի համար. հասանելի Հայաստանի հյուրերը կկրկնապատկվեն

Պետք է հասկանալ, որ Եվրոպայում իրավիճակը բարդացել է։ Նոր միգրանտների հոսքը մտավախություն է առաջացնում եվրոպական երկրներում, նրանք ավելի զգուշավոր են դարձել և չեն ցանկանում, որ վիզաների ազատականացումը չարաշահումների հանգեցնի։

Նրանք ուզում են համոզված լինել, որ մարդիկ գալիս են հետագայում վերադառնալու մտադրությամբ։

«Այնպես չէ, որ մենք սպասում ենք ինչ-որ մի պահի: Այստեղ խնդիր կա նաև առանձին պետությունների հետ աշխատելու: Սա այն դեպքն է, որ իրավասությունը ԵՄ-ին չի լիազորված, այլ պետություններին է դա: Վիզաների ազատականացման բարդությունը պայմանավորված է Եվրոպայում ձևավորված իրավիճակով՝ միգրանտների հոսքերի հետ կապված: Եվրոպական պետություններն արդեն զգուշավոր են մոտենում այդ հարցերին: Սակայն մենք դա խոչընդոտ չենք համարում և աշխատանքները շարունակում ենք այդ ուղղությամբ»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ 2014 թվականից ՀՀ քաղաքացիների համար ազատականացվել էր ԵՄ կարճատև վիզաների տրամադրումը։ Վիզայի տուրքերը նվազեցրել էին 60-ից մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար (գիտնականներ, ուսանողներ, ստեղծագործական կոլեկտիվներ և այլն)` ընդհանրապես չեղյալ հայտարարվել։ ԵՄ քաղաքացիները 2013 թվականից Հայաստան են այցելում առանց վիզայի։