Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնել է, թե ինչու է դադարեցվել Թեղուտի շահագործումը և երբ այն կվերաշահագործվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի- Sputnik. Թեղուտի հանքավայրը հավանաբար կվերաշահագործվի 2019 թվականի սկզբին։ Այս մասին Հայաստանի ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին։

«Թեղուտի ծրագիրը չի փակվել, այլ ժամանակավոր դադարի շրջանում է: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն, և մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին Թեղուտը նորից կվերագործարկվի»,- հայտնել է նախարարը։

Թեղուտի պոչամբարը կարող է քանդվել. միջազգային փորձագետներն ուսումնասիրում են վիճակը

Թեղուտի հանքավայրը շահագործվել է 2014 թվականին` բնապահպան ակտիվիստների մտահոգությունների ու բողոքների անտեսմամբ։ Հանքը շահագործելու համար 350 հեկտար անտառ է հատվել, որի փոխարեն հանքը շահագործող ընկերությունը պարտավորվել է երկու անգամ ավելի մեծ տարածքով անտառ տնկել։ Հանքավայրում մոտ 1200 մարդ է աշխատում։

Ավելի վաղ մենք տեղեկացրել ենք, որ «Վալեքս գրուպ» ընկերությունը, որը շահագործում է հանքը, Թեղուտի մոտակայքում ուսումնասիրում է պոչամբարների վիճակը, որոնք փլուզման վտանգի առաջ են հայտնվել։