Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակն արդեն ցուցադրվել է

Սևակ Խանաղյանը հավաստիացրել է, որ տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ է և հույս է հայտնել, որ հանդիսատեսին դուր կգա թիմի կատարած աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ —Sputnik. Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան «Քամի» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր՝ ժամը 21:35-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից։ Ըստ այդ տեղեկատվության` տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանը, ոճաբանը Արամ Նիկոլյանը:

Եվրատեսիլի կայքում Սևակ Խանաղյանի երգը «քամի» է բարձրացրել

«Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգեվիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին», — ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Սևակ Խանաղյանը նշել է, որ նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները:

«Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը», — իր հերթին ասել է Սևակ Խանաղյանը:

Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը կներկայանա «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: