ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը մերժեց «Ելք» դաշինքի` 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին բանաձևը։ «Կողմ» քվեարկեցին 9 պատգամավոր, «դեմ»` 56 (իշխանության պատգամավորները), յոթ խորհրդարանական ձեռնպահ մնացին։ Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը։
Բանաձևը պահանջում էր խիստ պատասխանատվության ենթարկել մարտի 1-2-ի ցույցի ժամանակ սպանությունների կազմակերպիչներին և իրագործողներին, որոնք զենք են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև վերանայել ընդդիմության ակտիվիստների դեմ քրեական ցուցմունքները։
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը հիշեցրին, որ 2008թ-ի մարտին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղած ժամանակ հայտարարել է, որ ցուցարարները, թաքնվելով ավտոմեքենաների հետևում, կրակել են ներքին զորքերի զինվորների վրա։ Այնուամենայնիվ, քրեական գործերի նյութերում երբեք և ոչ մի տեղ չի երևացել նման տեսագրություն։
«Ուստի պետք է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», — հայտարարեց Փաշինյանը։
Իշխող ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հերթին հայտարարեց, որ գործի նյութերը քննության գաղտնիքն են։
«Այնուամենայնիվ նման նյութեր կան, և դրանց մասով ընթանում է քննություն», — ասաց նա։
2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։