ՌԱԴԻՈ

Չեբեյան. «Հայ տղամարդկանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»

Երևան–Մոսկվա ուղերթ իրականացնող ավտոբուսի ու բեռնատարի բախումից տուժած հայերը դեռ հիվանդանոցում են, նրանցից երեքի վիճակը ծանր է։
Sputnik
Հարություն Չեբեյան

Վորոնեժում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիները հիվանդանոցում են, որոնից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են, վեցը` վիրաբուժական բաժանմունքում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Չեբեյանը։

«Ժամը 11։00-ի դրությամբ մենք կապ ենք հաստատել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մեր ներկայացուցչի հետ, ինչպես նաև Պավլովսկ քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների հետ, մեզ հայտնել են, որ քաղաքացիներից Տիգրան Բաբաջանյանի վիճակը կայուն ծանր է, Դավիթ Սարդարյանինը` ծայրահեղ ծանր, Եղիշե Համաբարձումյանինը` կայուն ծանր»,- նշեց նա։

Մյուս վեցի վիճակը բավարար է։ Նրանք են Մելիք Հայրապետյանը, Արկադի Թադևոսյանը, Արմենուշ Մուրադյանը, Վարյա Օհանյանը, Վազգեն Գևորգյանը, Դավիթ Վերմիշյանը։

Չեբեյանի խոսքով` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները կապ են պահում իրենց գործընկերների հետ, ԱԻՆ-ն էլ` իր գործընկերների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Անհետաձգելի բուժօգնությունը տրամադրվել է մեր քաղաքացիներին։ Հետագա բուժօգնության հարցը կպարզվի ավելի ուշ։