Երևանը «հետևում է» Հայաստանից դեպի Ջավախք տանող մայրուղու վիճակին. նախարար

Ճանապարհի մասին հիշատակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի հայ-վրացական սահման տանող ճանապարհը մնում է իշխանության ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը`պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։

Թորոսյանը, որը ծնունդով Ջավախքից է, նշեց, որ վրացական հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում մայրուղին ոչ բավարար վիճակում է։ Այն որակով զգալիորեն զիջում է ոչ միայն դեպի Հայաստան տանող մեկ այլ ճանապարհին (Մառնեուլիի ու Շուլավերիի միջով), այլև դեպի Ադրբեջան, Թուրքիա ու Ռուսաստան տանող ճանապարհներին։

Թեհրանյան ճեպընթաց. կմիանա՞ արդյոք Իրանը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին

Ի պատասխան դրան` նախարարը հիշեցրեց, որ ճանապարհի մասին հիշատակվել է Հայաստան-Եվամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին։ Գյումրիից դեպի Վրաստանի սահման ու Ջավախք տանող ճանապարհը համարվել է Հայաստանի ճանապարհային ցանցի առաջնահերթ կարևորություն ունեցող մայրուղի։

«Վրացական կողմը խոստացել է վերանորոգել այն, իսկ մենք մեր կողմից կանենք ամեն հնարավոր բան», — հայտնել է նախարարը։

Նա նշել է, որ ճանապարհի հայկական հատվածը ներառված է իրանական սահմանից դեպի վրացական սահման տանող Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրում։

Մայրուղին պետք է ընդլայնվի, և երկու ճանապարհային ուղին պետք է համալրվի ևս երկու ուղով, իսկ ասֆալտե մակերեսը պետք է բետոնով փոխարինվի։ Սակայն 2018 թվականին նախատեսված չէ այդ հատվածում աշխատանքներ իրականացնել (Թալինից Գյումրի հատվածն է կառուցվում)։