ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանն առաջիկա 10 տարվա ընթացքում ուզում է հրաժարվել ջերմակայաններից։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Առաջիկա 10 տարում ընկերությունն ուզում է հիդրոէներգետիկայի մասնաբաժինը հասցնել 40%-ի (երկու խոշոր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում` Շնողի` Դեբեդ գետի վրա, և Մեղրու` Արաքս գետի վրա)։ Ատոմային էներգիայի տեսակարար կշիռը նախատեսվում է հասցնել մինչև 40-42%-ի։
«Մնացած 18-20%-ը մենք ուզում ենք թողնել այլընտրանքային էներգետիկայի համար, այսինքն` քամու, արևի և կենսագազի», — ասաց Մանուկյանը։
Նշենք, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը գրեթե հավասարաչափ բաժանվում է ատոմային, ջերմային և հիդրոէլեկտրակայանների միջև։ 2017 թվականին ջերմայինին մի փոքր շատ է բաժին հասել (37%) ԱԷԿ-ի երկարատև դադարի պատճառով, ինչը կապիտալ վերանորոգման հետ էր կապված։
Քանի որ Հայաստանը սեփական գազ չունի, այդ պատճառով էլ ջերմակայաններից ստացած էլեկտրականությունը համեմատաբար թանկ է և օգտագործվում է մնացորդային սկզբունքով (երբ չի հերիքում մյուս կայանների արտադրած էներգիան)։
Վերջին երկու տարվա ընթացքում հանրապետությունում կառուցվեց երկրորդ հողմակայանը և ևս երեք արևային կայան։ Սակայն դրանց տեսակարար կշիռը հանրապետության էներգահամակարգում շարունակում է մնալ 0,05% սահմաններում։