Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է ժամանել Հայաստան

Ֆրանսիայի նախագահի հնարավոր այցի մասին խոսել է դեսպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը։

Ինչպես կարող է Հայաստանը գրավել ֆրանսիախոս զբոսաշրջիկին. պատմում է դեսպանը

«Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հենց Երևանում։ Կարծում եմ, որ երկրի նախագահը (Ֆրանսիայի` խմբ.) կմասնակցի այդ միջոցառմանը։ Եվ հենց նոր Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ասաց, որ ներկա կլինի նաև շանսոնյե Շառլ Ազնավուրը», — լրագրողներին ասել է Բերմանը։

Նրա խոսքով` մաեստրո Ազնավուրի հայտնվելը շատ կարևոր է միջոցառման համար։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում 2018թ-ի հոկտեմբերի 11-12-ին։ Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովը միջազգային ամենախոշոր միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից հետո։ Ենթադրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություններ և պետությունների 50 ղեկավարներ։