Հերթը հասավ բեռնատարների վարորդներին. ո՞վ իր գրպանը «կլվա», ո՞վ` ավտոմեքենան

Մաքուր մայրաքաղաք ունենալու գաղափարն ընդհանուր առմամբ գովելի է, սակայն հայկական իրականության մեջ ցանկացած օգտակար նախաձեռնություն կարող է հերթական գլխացավանքը դառնալ շարքային քաղաքացիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայկական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ շուտով մեծ բեռնատարների վարորդներին Հայաստանում կպարտադրեն մայրաքաղաք մտնելուց առաջ լվալ իրենց ավտոմեքենաները։ «Ժամանակ» թերթի տվյալների համաձայն` դա իբր արվելու է Երևանի փողոցներում մաքրություն պահպանելու համար։

Ծաղիկներ, բացիկներ, ֆուրշետներ. որքան են պետական մարմինները ծախսել բյուջեից մարտի 8–ին

Իրականում, ինչպես գրում է թերթը, տեղի օլիգարխներից մեկը որոշել է այդպես գումար աշխատել։ Նշվում է, որ Երևան մտնելու ճանապարհին ավտոմեքենայի լվացման համար նոր ինքնասպասարկման կետեր են հայտնվելու, և այդ ավտոլվացման ցանցը պատկանելու է հայրենական «հաստափորներից» մեկին։ Եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա մեծ եկամուտ կունենա նա, ով կզբաղվի այդ բիզնեսով, քանի որ օրական մայրաքաղաք հարյուրավոր բեռնատարներ են մտնում։

Sputnik Արմենիայի թղթակիցը խնդրեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանին տեղեկությունը մեկնաբանել։ Պարզվեց, որ նա այդ նախաձեռնության մասին առաջին անգամ է լսում։ Աղաջանյանի խոսքով` մաքուր մայրաքաղաք ունենալու գաղափարը գովելի է, քանի որ առանց այդ էլ Երևանն առանձնակի մաքրությամբ աչքի չի ընկնում։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ հայկական իրականության մեջ ցանկացած օգտակար գաղափար կարող է հերթական գլխացավանքը դառնալ շարքային քաղաքացիների համար։ Այս դեպքում` մեծ բեռնատարների վարորդների։

«Հայաստանում այս կամ այն օրինագծի և նախաձեռնության կիրառման մեխանիզմները հաճախ կաղում են։ Բացթողումները, որպես կանոն, մանրուքների մեջ են լինում», — նշեց նա։

Աղաջանյանը չի բացառում, որ մայրաքաղաքը մաքուր պահելու համար սահմանված նոր կանոնները վարորդների համար կարող են հերթական ֆինանսական բեռը դառնալ, հատկապես եթե նրանք ստիպված լինեն օրական մի քանի անգամ երթևեկել Երևանից դուրս և դեպի Երևան։

Քաղաքապետարանը փակում է առանց այն էլ փակ դռները. Անահիտ Բախշյանը բացում է վարագույրը

«Ավելին, եթե այդ ամենն արվում է որևէ մեկին հարստացնելու նպատակով, ապա, իհարկե, մենք հերթական խայտառակ իրավիճակն ենք ունենալու։ Սակայն ես քիչ հավանական եմ համարում նման սցենարը։ Դժվար է այդ ոլորտը մոնոպոլիզացնել։ Ցանկացած մարդ, եթե նա ապրում է Երևանից դուրս, կարող է իր բակում ինքնասպասարկմամբ ավտոլվացում բացել, որտեղ բեռնատարների վարորդները կկարողանան լվանալ իրենց մեքենաները», — ասաց ընկերության ներկայացուցիչը։

Նշենք, որ մեկ բեռնատարի ավտոլվացումը առնվազն 5 հազար դրամ արժե (ավելի քան 10 դոլար), և կարելի է ենթադրել, որ վարորդները հազիվ թե հիանան նման նորամուծությամբ։

Մենք քաղաքապետարանի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել` իսկապե՞ս մշակվում է համապատասխան իրավական ակտ, թե ոչ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը նշեց, որ առաջին անգամ է այդ մասին իմանում ԶԼՄ-ներից։ Նա խոստացավ պարզել քաղաքապետարանի իրավասու ստորաբաժանումներից, թե որքանով է այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում, և ավելի ուշ հայտնել այդ մասին։

Նյութը թողարկելու պահին քաղաքապետարանից մեզ դեռ չէին պատասխանել։