Ինչու են Թբիլիսիում հայուհու թիկունքին կանգնել ադրբեջանցիները

Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։

Թբիլիսիում հարձակվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակիցների վրա. կա վիրավոր

Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։

Լոմջարիան օրերս այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ի տնօրեն Զվիադ Դեվդարիանիի թեկնածությունը, որն ավելի ուշ հրաժարվել է առաջարկից։

«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», — ասաց Խալիլովը։

Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրեց Խալիլովը։

Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։

Փարաջանովին Թբիլիսիում չկարողացան «պահպանել», կամ ինչպես թռավ խելագար հանճարը

Խալիլովի հետ համակարծիք է Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը։

Նրա խոսքով` էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար սկզբունքորեն կարևոր է, որ Օսպովան դառնա հոգաբարձուների խորհրդի անդամ։

«Մենք գործով պետք է ապացուցենք այն, ինչի մասին երկար տարիներ խոսում ենք։ Խոսքը երկրի կենսագործունեության տարբեր գործընթացներում ազգային փոքրամասնությունների քաղաքական և հասարակական մասնակցության մասին է։ Մենք դա պետք է ցուցադրենք գործողություններով, որոնք կմոտիվացնեն աճող սերնդին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միրզոևը։

Նրա խոսքով` հասարակական փոքրամասնությունների ձայնը պետք է լսելի լինի, հատկապես ՎՀՀ հարցում, որը օգտվում է հարկատուների միջոցներից։ Միրզոևը վստահ է, որ եթե Օսիպովայի թեկնածությունը հաստատվի, կապացուցվի, որ այդ երկրում գնահատում են պրոֆեսիոնալներին և խտրականություն չեն դնում ազգային փոքրամասնությունների միջև։

«Շեն» (Դու) կազմակերպության ղեկավար, ինչպես նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին կից ազգությունների խորհրդի անդամ Միխայիլ Ավագյանը չի հասկանում, թե ինչու մարդը, որը համապատասխանում է բոլոր պահանջներին, տիրապետում է պետական լեզվին, բարձր պրոֆեսիոնալ է, չի առաջադրվում այդ պաշտոնում։

Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։