Գուգարքի անտառներում երեկ բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարար ծառայության 10 հրշեջ-փրկարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ի՞նչ արժի Հայաստանի բնության պահպանությունը. իշխանությունը հայտնել է գումարի չափը

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Տեղեկություն է ստացվել, որ հրդեհը տարածվում է դեպի ձյունապատ լանջ, հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից և անտառին այլևս վտանգ չի սպառնում. հրշեջ-փրկարարների կարիքն այլևս չկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարար ծառայության 10 հրշեջ-փրկարար:

Մարտի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:20-ին հրդեհն ինքնամարվել է: