Խաչիկ Չախոյան, Sputnik.
42 —ամյա Վախթանգ Դարչինյանը 2017 թվականի սկզբին որոշել էր ավարտել իր կարիերան ռինգում, բայց մենամարտի հրավեր ստացավ ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչից: Հայ բռնցքամարտիկը, որոշ դադարից հետո, համաձայնեց մենամարտ անցկացնել, սակայն հրավեր ուղարկողներն առայժմ լռում են:
Պրոֆեսիոնալ ռինգում «կատաղի ցուլ» մականունով հայտնի Վախթանգ Դարչինյանը իր նվաճումներով բազմիցս է ուրախացել երկրպագուներին: Չորս քաշային կարգերում աշխարհի չեմպիոն հռչակվելով, դառնալով գերթեթև քաշային կարգում նաև բացարձակ չեմպիոն` Վիկը երկար ժամանակ սարսափ էր տարածում իր մրցակիցների շրջանում: Ոչ ընդունված մարտական կեցվածքով ու ձախ ձեռքի հուժկու հարվածներով Վիկը շատ տպավորիչ հաղթանակներ է տարել: Բայց դե ժամանակն իրենն անում է, ու 2016 թվականին` 40 ամյակը տոնելուց հետո, հայ բռնցքամարտիկը սկսեց մտածել կարիերան ավարտելու մասին:
«2016 թվականին Սերխիո Ֆարիասի հետ մենամարտելուց հետո որոշեցի այլևս ռինգ դուրս չգալ: Բայց 2017-ի սկզբին հրավեր ստացա Եվգենի Գրադովիչի ներկայացուցիչների կողմից: Խնդրեցի մի փոքր սպասել իմ պատասխանին ու սեփական ուժերս ստուգելու համար Ավստրալիայում մենամարտ անցկացրեցի: Նոկաուտով հաղթելով մրցակցիս` հասկացա որ կարող եմ մենամարտել Գրադովիչի հետ ու համաձայնվեցի մենամարտել: Բայց մինչև օրս դեռ նորություններ չունեմ ռուս բռնցքամարտիկի ճամբարից» — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վախթանգը:
Եվգենի Գրադովիչը տասը տարով փոքր է հայ բռնցքամարտիկից և կրում է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին: Միգուցե, ռուս բռնցքամարտիկը, Վիկի տարիքը հաշվի առնելով, փորձում էր հեշտ հաղթանակի հասնել.«Ռուսները ինձանից խնդրեցին ուղարկել վերջին մենամարտիս տեսագրությունը: Ես էլ, հարգելով մրցակցիս, ուղարկեցի: Չեմ բացառում, որ նրանք այդ տեսագրությունը դիտելուց հետո որոշել են հրաժարվել իմ հետ մենամարտելու մտքից, չնայած առայժմ ոչ մի տեղեկություն չունեմ»- նշում է Դարչինյանը:
Հայ բռնցքամարտիկը իր մարզական կարիերայի ընթացքում չեմպիոնական ինը գոտի է վաստակել և ուզում էր գոտիների թիվը հասցնել տասի, բայց ինչպես երևում է Գրադովիչ-Դարչինյան մենամարտը չի կայանալու. «Ես մի փոքր էլ կսպասեմ պատասխանին, ու եթե ոչ մի նորություն չլինի, կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին»- ընդգծեց Դարչինյանը:
Իսկ ինչո՞վ է զբաղվելու Դարչինյանը կարիերան ավարտելուց հետո: «Երևի հանդես կգամ արդեն որպես պրոմոութեր և դրանով կօգնեմ նաև հայ բռնցքամարտիկներին, ովքեր ցանկանում են իրենց կարիերան ձևավորել պրոֆեսիոնալ ռինգում»,–ասաց «կատաղի ցուլը»: Սեփական որդիների մասին խոսելով` Դարչինյանը, հատկապես նշեց Ռուբենի ընդգծված հարվածը, որը գուցե և ժառանգաբար անցել է հորից որդուն` ի տարբերություն Վախթանգի, որը ձախլիկ է:
Դարչինյանը վստահեցնում է` ազգությամբ ռուս իր կինը շատ լավ հասկանում է հայերեն ու կարող է պատասխանել հայերեն հնչող հարցերին. «Ես իմ ընտանիքով բնակվում եմ Ավստրալիայում, բայց դա չի նշանակում, որ մերը հայկական ընտանիք չէ: Տանը մենք խոսում ենք հայերեն, կինս էլ շատ լավ գիտի մեր լեզուն»- նշեց Դարչինյանը: