Երևանում կա այն, ինչ չկա ամբողջ աշխարհում. զբոսաշրջային նյութերի հաղթողները կգնան Բեյրութ

Հայաստանը բազմաթիվ զբոսաշրջիկներին գրավում է հյուրընկալությամբ, իսկ մի բրիտանացի լրագրողին ընդհանրապես բախտ է վիճակվել ապրել «ոսկե ակնթարթ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia ավիաընկերությունն ամփոփել է ստեղծագործական մրցույթի արդյունքները, որի հետևանքով ընտրվել են հինգ մրցանակակիրներ։ Նրանցից երկուսը ստացել են Երևան–Բեյրութ –Երևան չվերթի անվճար տոմս։

Ավիաընկերության կազմակերպած մրցույթին մասնակցել են Հայաստանի քաղաքացիներ և սփյուռքի հայեր։ Մրցույթի մասնակիցների առջև խնդիր է դրվել պատմել իրական պատմություն, որը պատահել է զբոսաշրջիկի կամ իրենց հետ Հայաստանում։

Ամուսնության առաջարկ Բեյրութ-Երևան ինքնաթիռում

«Մրցույթն ուղղված է Հայաստանի սահմաններից դուրս այն հայտնի դարձնելուն։ Մրցութային աշխատանքները շատ հետաքրքիր են եղել, դրանցից շատերն ընկած են Հայաստանի մասին տեսահոլովակի կամ ֆիլմի հիմքում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա պատմեց բրիտանացի լրագրողի պատմությունը։ 2007թ–ին արտասահմանյան ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար լրագրողական շրջայցի շրջանակում Հայաստանում է գտնվել լրագրող Մեծ Բրիտանիայից։ Բրիտանացին պատմել է, որ նրա հետ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչ ամեն մեկը չի կարող տեսնել և ոչ բոլոր երկրներում կարելի է հանդիպել։

«Նա ասաց, որ հենց Հայաստանում է ապրել իր «ոսկե ակնթարթը»։ Նկարահանման հերթական օրից հետո բրիտանացին ընկերոջ հետ որոշել է այցելել Վերնիսաժ։ Երեկո է եղել, և մարդիկ արդեն հավաքել են իրենք ապրանքները։ Հանկարծ տոնավաճառում աշխատող երկու վարպետ կանչել են արտասահմանցիներին, իսկ նրանք մտածել են, որ իրենց կանչում են ինչ–որ բան գնելու», – պատմեց Ապրեսյանը։

Որքան մեծ է եղել զարմանքը, երբ բրիտանացին իմացել է, որ այդ մարդիկ կանչել են միասին ճաշելու։ Նրանք սեղան են գցել և հյուրասիրել արտասահմանցիներին։ Այդ դեպքն այնքան է ցնցել օտարերկրացուն, որ նա հետո պատմել է, որ աշխարհում ոչ մի տեղ նման բան չի տեսել։

1 / 5
Մրցույթի մասնակիցները
2 / 5
Մրցույթի մասնակիցները
3 / 5
Նանե Հայրապետյան
4 / 5
Մերի Զոհրաբյան
5 / 5
Մեխակ Ապրեսյան

Նման պատմություններ են ընկած  մրցույթի մասնակիցների նյութերի հիմքում։ Հաղթողները` լրագրող Նանե Հայրապետյանը և լեզվաբան–սոցիոլոգ Մերի Զոհրաբյանը, ներկայացրին իրենց հետաքրքիր պատմությունները։ Նանեն պատմեց ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ պատահական հանդիպման և Տաթևի վանք կատարած ճանապարհորդության մասին։ Մերին իր աշխատանքում արտացոլել է Հայաստան–սփյուռք փոխազդեցության առավելությունները։

«Armenia» ավիաընկերության անակնկալը կանանց. աննախադեպ ցածր գներ Երուսաղեմ թռչելու համար

«Մենք առաջին անգամ ենք նման մրցույթ անցկացրել։ Շատ հայտեր են եղել, այդ թվում` սփյուռքահայերի շարքում։ Արդյունքում` 35 հրապարակված պատմություններից մենք ընտրել ենք հինգը։ Երկու հաղթողները ստացել են Երևան–Բեյրութ–Երևան չվերթի անվճար տոմս։ Մնացած երեք հոգին` ավիաընկերության ուղղություններից մեկից մեկանգամյա 50 տոկոս զեղչի քարտ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` որպես նվեր Բեյրութ ուղևորությունը պատահական չի ընտրվել, քանի որ Լիբանանի հայ համայնքը մտնում է այդ երկրի ամենախոշոր համայնքների յոթնյակի մեջ։ Տարբեր տվյալներով` այստեղ բնակվում են մինչև 200 հազար հայ։ Լիբանանում հայերի նշանակալիության մասին խոսում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում նրանց առկայությունը` քաղաքականից մինչև մշակութային։ Լիբանանում ամենահայտնի ոսկերիչները նույնպես հայեր են, մեր հայրենակիցները նաև առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում։

«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։