Արամ Գարեգինյան, Sputnik
Հայաստանի հյուսիսում գտնվող Պուշկինի լեռնանցքում կարող է մեծն բանաստեղծի հուշարձանը հայտնվել։ Համենայն դեպս ստեփանավանցի Կամո Քարաջյանն այդ մտքից չի հրաժարվում։ Հուշարձան փնտրելու կարիք էլ չկա. այն արդեն պատրաստ է։ Հեղինակը նույնպես ստեփանավանցի է` քանդակագործ Շավարշ Հովհաննիսյանը։
Նախկինում Ստեփանավանից դեպի հարավ, այսինքն Կիրովական (ներկայիս` Վանաձոր) և Երևան էին գնում «պուշկինյան ճանապարհով» ` Բզովդալի լեռնանցքով։ 70-ականներին որոշեցին ճանապարհը կրճատել` սարի տակ թունել փորելով։
Երբ պատրաստվում էին օբյեկտը հանձնել (բացմանը պետք է ժամաներ Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը), թունելի մոտ` ճանապարհին, որոշեցին հուշարձան տեղադրել։
Շրջկոմի ղեկավարները (տեղացիներն ասում են`նույնիսկ Քոչինյանը) հանձնարարել է վարպետ Շավարշին արձան պատրաստել։ Պատկերի ճշգրտության (նաև ոգեշնչման) համար Պուշկինի հետմահու դիմակի կրկնօրինակն են ուղարկել։
«Նա մեծ նվիրումով էր աշխատում։ Քարն ամուր էր` բազալտ։ Բայց տեսեք` որքան թեթև է ամեն ինչ` դեմքը, հագուստի ծալքերը։ Ոչ թե քանդակել է, այլ հենց արարել», — հայրենակցի մասին խոսելիս հպարտանում է Քարաջյանը։
Պուշկինի քանդակը վարպետ Շավարշը մինչև հիմա իր բակում է պահում։
Հուշարձանի բացումը 2019 թվականին ուզում են նվիրել միանգամից երկու հիշարժան օրվա։ Հաջորդ տարի 190 տարի է լրանում այն օրից, երբ Պուշկինն անցավ Բզովդալի լեռնանցքով ու նկարագրեց Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլին հանդիպելու տեսարանը։ «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքի ժամանակագրությունից դատելով` այդ օրը հունիսի սկզբին է եղել։ Այդ ժամանակ լեռան ստորոտի հովիտը իսկապես ծաղկում է այնպես, ինչպես ծաղկել է ժամանակին։ Այնպես որ «ծաղկող անապատ» արտահայտությունը, որը Պուշկինն օգտագործում է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում, չափազանցություն չէ։ Հենց նույն օրերին` հունիսի 6-ին, լրանում է Պուշկինի 220-ամյակը։
Հուշարձանի բացմանն ուզում է պատրաստվել նաև ռուսական համայնքը, որը մինչ այժմ մնացել է Ստեփանավանում։ «Շատերը, ցավոք, հեռացել են դժվար տարիներին։ Բայց ռուսներ կան։ Նրանք նույնիսկ սեփական երգչախումբ ունեն։ Համոզված եմ` սիրով կհավաքվեն բացմանն ու կերգեն», — ասում է Քարաջյանը։
Մնում է հովանավորներ գտնել պատվանդան պատրաստելու համար, իսկ ավելի լավ կլիներ` թանգարանով ու գրադարանով համալիր ստեղծել։ Օգնություն համար դիմել են Հայաստանի մշակույթի նախարարությանը, մոսկվացի գործարարներին։
«Հետո ի՞նչ, որ Պուշկինն ու Գրիբոյեդովը հայ գրողներ չեն։ Միայն այն, որ նրանք անցել են այստեղով, արդեն մշակութային արժեք է։ Այդ թվում նաև մեր ազգի համար», — համոզված է Քարաջյանը։
Դժվար է վիճել նրա հետ։