Սիրիայի Աֆրինը թուրքական զորքերի հսկողության տակ է. Էրդողանի հայտարարությունը

Աֆրին քաղաքը ամբողջությամբ թուրքական բանակի և սիրիական ընդդիմության հսկողության տակ է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը և թուրք զինվորականները մտան Աֆրին և այն վերահսկողության տակ վերցրին։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր 8:30–ին Թուրքիայի ԶՈՒ աջակցմամբ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ստորաբաժանումները մտան Աֆրին։ Քաղաքն ամբողջությամբ նրանց ենթակայության տակ անցավ։ Ահաբեկիչների մեծ մասը փախուստի է դիմել։ Նրանց թողած թակարդները` ականները, մեր զինվորականներն ու սիրիական ընդդիմությունը վնասազերծում են։ Այնտեղ այժմ Թուրքիայի և սիրիական ընդդիմության դրոշներն են ծածանվում», – ասել է նա` Չանաքալե քաղաքում ելույթ ունենալիս։

Էրդողանը հայտարարել է, որ մինչև երեկո Աֆրինը կվերցնեն

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտնել էր, որ թուրքական իշխանությունը մտադիր չէ Դամասկոսին հանձնել հատուկ գործողությունների արդյունքում Անկարայի վերահսկողության տակ անցած սիրիական Աֆրինի տարածքը։

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։

Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։