«Ընտրել եմ հանուն լավ գաղափարի». Գյումրու ընտրատեղամասերում ակտիվությունը բարձր է

Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում ընտրում են ինչպես Շիրակի ու Լոռու մարզերի ՌԴ քաղաքացի բնակիչները, կամ այս ընթացքում այստեղ գտնվող ՌԴ քաղաքացիները, այնպես էլ ՌԴ քաղաքացիներ հարևան Վրաստանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 80–ամյա Հենրիկ պապը ՌԴ քաղաքացի  է, բայց այս պահին բնակվում է Գյումրիում: Չնայած նա ունի տեսողական ու լսողական խնդիրներ, սակայն, կարևորելով ՌԴ նախագահի ընտրությունները, առավոտ կանուխ շտապել է Գյումրու ՌԴ հյուպատոսարանի տարածքում գործող  ընտրատեղամաս՝  իր  քաղաքացիական պարտքը  կատարելու:

Ռուսաստանի նախագահի ընտրությանը մասնակցելու համար Վրաստանից Գյումրի են եկել ՌԴ քաղաքացիներ

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հենրիկ պապը նշեց, որ չնայած ծեր  է ու տեսողության և  լսողության հետ կապված որոշ խնդիրներ ունի, բայց դա չի խանգարում՝  ՌԴ ապագայի մասին մտածելու: «Ինչպես չգամ ու չմասնակցեմ, չէ՞ որ ՌԴ քաղաքացի եմ, ու, ինչպես ցանկացած քաղաքացի, ես պարտավոր եմ իմ պարտքը կատարել, սա մեզ համար է, մեր ու ապագա սերունդների»,- նշեց նա՝  ուրախությամբ ու հպարտությամբ փաստելով, որ ինքն արդեն կատարել է  իր քաղաքացիական պարտքը՝ ընտրելով հանուն լավ գաղափարի:

Հանուն բարեկեցիկ Ռուսաստանի Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում քվեարկելու էին եկել նաև Փանիկ գյուղից: Չցանկանալով ներկայանալ` ընտրողները նշեցին, որ 20 կմ հեռավորություն կտրել-անցել են` իրենց պարտքը կատարելու համար: «Մենք աշխատանքի բերումով ավելի շատ ՌԴ–ում ենք լինում: Այս ընտրությունները շատ կարևոր են  ինչպես ՌԴ-ի այնպես էլ Հայաստանի հետ հետագա համագործակցության համար»,- նշեցին նրանք:

Ի դեպ` ընտրողների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր էին: Այս անգամ ակտիվությունն ընտրատեղամասի բացման հենց առաջին իսկ րոպեից  նկատվեց:

Հավելենք, որ ընտրողների մեջ ինչպես Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչներն են կամ այս ընթացքում այստեղ գտնվող ու հարևան Վրաստանից եկած ՌԴ քաղաքացիները։