Օտարերկրացիների աչքերով. մոսկվացին իր համար բուսակերների Հայաստան է բացահայտել

Մոսկվայից Երևան ժամանած հյուրն այստեղ ընդամենը երեք օր է մնացել, գործուղման էր, սակայն աղջիկը հասցրել է այցելել քաղաքի հետաքրքիր վայրերն ու գունեղ լուսանկարներ անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Նազվարդ, բուսական սնունդ առաջարկող սրճարանները, լեռները և Հայաստանի մաքուր օդը դուր են եկել մոսկվաբնակ Եվգենյա Միլովանովային, որը մեր երկրում ընդամենը 3 օր է անցկացրել։

Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

Եվգենյան ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, մեր երկիր ժամանել է ամուսնու հետ` աշխատանքի բերումով։ Աղջկան նախ և առաջ գերել են հայաստանյան լեռները։

«Հենց այստեղ` Հայաստանում, սիրահարվեցի արևի ճառագայթների երեկոյան արտացոլանքին։ Լեռնագագաթներն այնքան խայտաբղետ են դարձնում դրանք, որ նայելիս գունապնակ ես պատկերացնում», – ասաց Եվգենյան։

Իհարկե, լեռներից լավ միայն լեռները կարող են լինել, սակայն դա միակ բանը չէ, որ մեր երկրում զարմացնում է օտարերկրացիներին։ Բուսակեր ռուս զբոսաշրջիկին հաճելիորեն զարմացրել են մեր երկրում առկա բազմաթիվ սրճարանները, որոնք բուսական, գլյուտեինազուրկ սնունդ են առաջարկում։

 

Հայերի խոհարարական հմտություններն առանձին պատմություն են։ Տեղի խոհարարները մոսկվացուն զարմացրել են` ներկայացնելով ավելուկով ապուր, կտավատի հաց, ինչը, պարզապես, հիացրել է Եվգենյային։

Իսկ նրա մսակեր ամուսնուն դուր են եկել առաջարկած քաբաբները, խինկալին և խորովածը։

 

«Ձեր երկրում մարդիկ շատ բարեհամբույր են, շփվող, անկեղծ և պատրաստ օգնության հասնել։ Հաճելի է նրանց հետ հաղորդակցվելը։ Ամենից տպավորիչը քաղաքն էր։ Այնքան հաճելի է, երբ չսպասելով ոչինչ, այսքան շատ բան ես ստանում` լեռներ, օդ, տեսարժան վայրեր», – Sputnik Արմենիային ասաց Եվգենյան։

 

Սակայն ամեն ինչ չէ, որ մեր երկրում գոհացնում է զբոսաշրջիկ զույգին։ Նրանք երկուսն էլ չեն ծխում, և ռեստորաններում ու հյուրանոցներում հաճելի չէր զգալ ծխախոտի հոտը ու շնչել այդ ծուխը։