Հայկական ու ռուսական զորքերն օրուգիշեր են համագործակցում. գեներալ–մայոր Փարվանյան

Հայ-ռուսական միացյալ զորախումբը հասցրել է մեծ օրգանիզմ դառնալ, վստահեցնում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայկական և ռուսական զորքերը համագործակցում են օրուգիշեր, և միացյալ զորախումբը պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը` հայ-ռուսական ռազմական համագործակցությանը նվիրված «Բարեկամություն-2018» ավիացիոն շոուից առաջ։

Փարվանյանը հիշեցրեց, որ հայ-ռուսական միացյալ զորախմբում ընդգրկված 102-րդ ռազմակայանն ու ավիաբազան տարիներ շարունակ գործում են Հայաստանի տարածքում։

«Անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, զորավարժություններ, ընդհանուր առմամբ` համատեղ ծառայություն ենք իրականացնում։ Զորախումբը վաղուց է ձևավորվել, 2009-2010 թվականներից մասնակցում է համատեղ միջոցառումներին։ Եթե աստված չանի, որևէ խնդիր լուծելու կարիք լինի, մենք դա կանենք», — նշեց գեներալ-մայորը։

Նրա խոսքով հայկական և ռուսական կողմերը մեկ օրգանիզմ են։

Զինվորականները, Փարվանյանի խոսքով, խնդիրները մեկ հրամանատարության ներքո են կատարելու։ Միացյալ զորախումբը պատրաստ է լուծել իր առջև դրված ցանկացած խնդիր։

«Խնդիրները դրվում են` ելնելով անձնակազմի, ուժի ու միջոցների քանակից», — ասաց նա։

Ինչպես Ռուսաստանն օգնեց ուժեղացնել հայկական բանակը, կամ Անդրկովկասի «Պինդ կաղինը»

Պատասխանելով հարցին`որքանով է Հայաստանի համար վտանգավոր Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը, Փարվանյանը նշեց, որ թեև Արևելքում եղած հակամարտությունը մոտ է մեր տարածաշրջանին, բայց դա այլ երկրների խնդիրն է։

«Կոնկրետ երկրներն այդ ուղղությամբ համապատասխան գործողություններ են իրականացնում։ Իհարկե, իրավիճակը լարված է, սակայն Հայաստանի տարածքի համար սպառնալիք չկա», — ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է «Բարեկամություն — 2018» ավիացիոն շոուին, ապա այսօր «Էրեբունի» օդակայանում ներկա գտնվողները կկարողանան տեսնել տեխնիկան ու օդաչուների պատրաստվածությունը։ Փարվանյանը նշեց, որ դրանք հետաքրքիր կլինեն նաև հասարակ քաղաքացիների համար։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Այս տարվա մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։