ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի որոշմամբ` Երևանի բնակիչ 26-ամյա Ժորա Վարդանյանը, ով մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում` ՀՀ կետրոնական բանկի դիմաց, վրաերթի ենթարկելով 75-ամյա Մարիա Գրիգորյանին `փախուստի էր դիմել, ստորագրությամբ ազատ է արձակվել` պարտավորվելով բնակավայրից չհեռանալ։ Այս մասին տեղեկացնում է shmashyan.com կայքը։
Քննչական մարմինը հաշվի չի առել այն, որ հետիոտնը տեղում մահացել է` վարորդի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու համար և որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկել է վարորդի` մեղայականով ոստիկանություն ներկայանալը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` պարզվել է, որ վրաերթից հետո Ժորա Վարդանյանը ահազանգել է օպերատիվ ծառայություններ և նաև զանգահարել է շտապօգնություն, ինքն էլ անձամբ փորձել է օգնել տուժածին, սակայն իմանալով, որ նա մահացել է` դեպքի վայրից հեռացել էր` մտածելով, որ մահացածի` այնտեղ ժամանած հարազատները կարող են հաշվեհարդար տեսնել:
Դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով նկարահանված կադրերում երևում է, որ նա իսկապես եղել է դեպքի վայրում, սակայն հետո հեռացել է։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` իրենց են ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործությունների վերաբերյալ: Նրան ազատ արձակելու որոշման համար հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ վարորդը նախկինում դատված չի եղել, փորձաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարելիս եղել է սթափ վիճակում։
Ժորա Վարդանյանը 2 մանկահասակ երեխա ունի:
Հիշեցնենք, որ 13-ին ձերբակալվել էր Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։ Նա մեղայականով ներկայացել էր քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցումվրաերթի է ենթարկել հետիոտն 75-ամյա Մարիա Գրիգորյանին։ Մեքենայի հարվածից կինը հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի անիվների տակ և տեղում մահացել էր:
Ոստիկանությունը պարզել էր, որ մեքենայի ղեկի առաջ եղել է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի տղան` Ժորա Վարդանյանը։