ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայտնի երգիչ Անդրեի նոր տեսահոլովակը` վրացի երգչուհի Նինի Շերմանդինիի մասնակցությամբ, նվիրված է վերջին տարիներին երկու ժողովուրդների համար վեճի առարկա դարձած «Ծաղիկների աշխարհում» (հայկական տարբերակով) կամ «Ծաղիկների աշխարհ» (վրացական տարբերակով) երգին։
Տեսահոլովակը թողարկվել էր մարտի 15-ին` Անդրեի YouTube-յան պաշտոնական էջում։ Այն նկարահանվել է վրացական սիրո քաղաք Սիղնաղում։
Երգի շուրջ սոցիալական ցանցերում պարբերաբար թեժ քննարկումներ են ծավալվում։ Վրացի օգտատերերը նշում են, որ այն վրացական է, հայերը պնդում են, որ հայկական է։ Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ով է առաջինը գրել «Ծաղիկների աշխարհում» երգը։
Հայտնի է, որ հայկական տարբերակը գրել է Հասմիկ Մանասերյանը, իսկ վրացականը` Բիձինա Փերաձեն։ Երգիչները նոր տեսահոլովակում յուրաքանչյուրն իր ազգային տարբերակն է երգում` «ո՛չ մեզ, ո՛չ ձեզ սկզբունքով»։
Երգչուհի Նինի Շերմանդինին ու Անդրեն նախկինում մեկ անգամ արդեն համագործակցել են` հայկական «Ով սիրուն, սիրուն» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելով։ Ընդ որում` վրացի երգչուհին այն իր մայրենի լեզվով է երգում։
Հարցազրույցներից մեկում Անդրեն խոստովանել է, որ «Ով սիրուն, սիրուն» երգն ու տեսահոլովակը հավանել են նաև Վրաստանում։