Արցախի նախագահի այցը չխափանվեց. ադրբեջանական ու թուրքական լոբբինգը թուլացել է

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում առկա սկանդալային վեճերից հետո Բաքվի և Անկարայի լոբբիստների հնարավորությունները թուլացել են ԱՄՆ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputik. Ադրբեջանական և թուրքական լոբբինգը չխանգարեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ԱՄՆ այցելի, որովհետև նրանց լոբբինգը թուլացել է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Իհարկե, Բաքուն պետք է դժգոհեր. Քոչարյանը խոսել է Բակո Սահակյանի` ԱՄՆ այցելության մասին

Նա հիշեցրեց, որ Սահակյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Կոնգրեսում և գիտահետազոտական կենտրոններում։

«Իսկ կոնգրեսականներն ու գիտահետազոտական կենտրոնները լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ վարչակազմում որոշումների կայացման վրա։ Այս ուղղությունը օգտագործելով` Արցախն իր խոսքը որոշում կայացնողներին հասցնելու հնարավորություն ունի»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` չնայած ֆորմալ առումով Լեռնային Ղարաբաղը Մինսկի խմբում չկա, բայց Արցախի ձայնը մշտապես պետք է լսելի լինի։

«Նման այցելությունները պետք է օգտագործվեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը` ի դեմս նախագահի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի, կարողանա իր ժողովրդի ձայնը լսելի դարձնել Վաշինգտոնում, քանի որ Վաշինգտոնը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետը հիշեցրեց` Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որ Արցախը չճանաչելով` ֆինանսական ուղիղ օգնություն է տրամադրում երկրին, և դեռևս 90-ականներից Վաշինգտոնում գրանցված է և գործում է Արցախի ներկայացուցչությունը։

Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի. Բակո Սահակյանը` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին

Ադրբեջանը փորձեց բողոքել Արցախի նախագահի այցի դեմ, և այդ կապակցությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանին հրավիրեցին արտգործնախարարություն, բողոքի նոտա հանձնեցին, բազմաթիվ հայտարարություններ եղան, փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ չկայանան, բայց ոչինչ չստացվեց։

Փորձագետի կարծիքով` ադրբեջանցիների ջանքերն ապարդյուն էին, որովհետև նրանց և թուրք լոբբիստների գործերն այնքան էլ լավ չեն Վաշինգտոնում, մանավանդ` վերջին ժամանակաշրջանի սկանդալային վեճերից հետո։

Բակո Սահակյանի այս այցը, ըստ փորձագետի, լուրջ հետևանք կունենա, որովհետև ԱՄՆ-ն ու Արցախը մեկ ընդհանրություն ունեն։

«Թոմաս Ջեֆերսոնի հայտնի խոսքերը մեջբերեմ. «Մենք իրավունք չունենք մերժելու ազգերի ինքնորոշումը այն ժողովուրդներին, որոնք ձգտում են դրան, քանի որ մենք ինքներս ազգերի ինքնորոշման հիման վրա ձևավորված պետություն ենք»,- նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես, հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: