Անչափահաս երեխաները խայծ` գումարներ շորթելու համար. սոցիալական կայքերի դրամահավաքները

3 անչափահաս երեխաներին ծայրահեղ վիճակից հանելու դրամահավաքին շատերն են մասնակցել, բայց դեռ հարց է, թե ուր են գնալու հավաքված գումարները։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik

Երկու օր է համացանցում տարածվել ու քննարկվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցում տեղակայված 107 տնակում բնակվող երեխաների մասին տեսանյութը: Ըստ տեսանյութի` կիսավեր, կենցաղային տարրական հարմարություններից զուրկ, առանց գազի ու լույսի, կոտրված պատուհաններով տնակում բնակվող տատիկի՝ 62– ամյա Ամալյա Մխիթարյանի հետ են ապրում 3 անչափահաս թոռները՝ Ամալիկը, Արայիկն ու Սյուզաննան: Բայց պարզվում է, որ դա նրանց իրական բնակավայրը չէ, իսկ երեխաների` իբրև ծայրահեղ վատ վիճակն ընդամենը որպես խայծ են օգտագործում` գումարներ հավաքելու և յուրացնելու համար։

Գյումրիում ևս մեկ ընտանիք այլևս վագոն-տնակում չի ապրի. նրանք արդեն քարե պատեր ունեն

Տնակում առնետների կողքին կիսամերկ մեծացող երեխաների ճակատագիրը շատերին էր հուզել, շատերն անգամ որոշել են դրամահավաքին մասնակցել, որոշ կազմակերպություններ էլ արդեն հասցրել են իրենց աջակցությունը ցուցաբերել երեխաներին: Sputnk Արմենիայի թղթակիցը փորձեց ծանոթանալ խնդրին։ Չնայած տատիկը երկու օր անընդմեջ խուսափողական պատասխաններ էր տալիս երեխաների ծնողների, նրանց գտնվելու վայրի ու երեխաների կարգավիճակի մասին, բայց տարբեր կառույցների պատասխանատուների հետ զրուցելուց հետո հնարավոր դարձավ ջրի երես դուրս բերել ճշմարտությունը։ Պարզվում է` երեք երեխաներից երկուսը` Սյուզին ու Արայիկը, տիկին Ամալյայի դստեր՝ Նարինեի, երեխաներն են, ովքեր թեև գրանցված են Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցում գտնվող 107 տնակում, սակայն իրականում մայրիկի հետ ապրում են Գյումրիում՝ մայրիկի վարձակալած տնակում: Երեխաները ոչ թե այցելում են մտավոր խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց՝ ինչպես նշվում է տարածված տեսանյութում, այլ սովորական թիվ 40 դպրոց, նաև Գյումրու Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաներ են: Երեխաները մշտապես, բացառությամբ ազատ օրերի, գտնվում են գիշերօթիկ հաստատությունում, միշտ խնամված ու կուշտ վիճակում:

Այս տարվա մարտի 7-ին` երեկոյան ժամը 18։00-ի սահմաններում մոր խնդրանքով երեխաներին թույլ է տրվել գնալ տուն՝ առաջիկա օրերն ընտանիքի հետ անցկացնելու նպատակով: Բայց հաջորդող երկուշաբթի երեխաները հաստատություն չեն ներկայացել, կենտրոնի սոցիալական աշխատողը զանգել է մորը` Նարինեին, սակայն մայրը չի պատասխանել։ Հաջորդ օրը նորից են փորձել կապ հաստատել մոր հետ, սակայն այս անգամ հեռախոսն անջատված է եղել։ Ստիպված այցելել են տնակ, որտեղ երեխաների հետ ապրում է մայրը։ Բայց տնակի դուռը փակ է եղել: «Այս ընթացքում փորձել ենք կապ հաստատել նրանց հետ, բայց հնարավոր չի եղել ու հենց այսօր պետք է դիմեինք ոստիկանություն, երբ համացանցից իմացանք, որ երեխաները Ախուրյանում են ու այդ վիճակում: Նրանք Գյումրիում են ապրում, մենք հաճախ ենք եղել իրենց տնակում: Ճիշտ է՝ պայմանները բավարար չեն, բայց նաև սոսկալի չեն»,-նշեց սոցիալական աշխատող Ալինա Ադամյանը:

1 / 3
Ախուրյանի տնակում գրանցված երեխաները` գիշերօթիկում
2 / 3
Ախուրյանի տնակում գրանցված երեխաները
3 / 3
Ախուրյանի տնակը

Այն մասին, որ երեխաները սովորական դպրոց են հաճախել, փաստեցին ինչպես դպրոցում, այնպես էլ գիշերօթիկ հաստատությունում: «Նրանք բացակայող երեխաներ չեն, ու չենք կարող ասել՝ ինչ նպատակով են երեխաներն այս ընթացքում հայտնվել տատի տանը: Երեխաները հաստատություն ընդունվել են սեպտեմբերից։ Մայրը մշտապես շաբաթ օրերին է տուն տանում նրանց, պարզապես, այս անգամ մեկ օր առաջ թույլտվություն խնդրեց` պատճառաբանելով, թե հյուրեր են ունենալու»,-ասաց Գյումրու երեխաների խնամքի թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանը:

Գյումրեցի երեխաներից մի քանիսն այլևս չեն երազի տան մասին. ավետիս՝ Ավետիսի համար

Երեխաների տատի տնակի հարևանությամբ բնակվող հարևանուհին փաստեց, որ նրանք Գյումրիում են ապրում, իսկ ազատ օրերին այցելում են տատին։ Նրա տեղեկացմամբ` օրերս տեսախցիկներով մարդիկ էին այցելել երեխաներին, նկարահանել նրանց։ Մայրն այդ ընթացքում երեխաներին հիմնականում գիշերներն էր այցելում` աննկատ: Արայիկը սոցիալական աշխատողներին պատմել է, որ տատիկի տանն են մնացել, իսկ գիշերները Գյումրիում իրենց տնակում են քնել։ Ամալյա Մխիթարյանի հետ Ախուրյանի տնակում ևս մեկ երեխա կար՝ ամենաակտիվն ու ամենափոքրը ՝ Ամալիկը, որը 2-3 տարեկան է: Տատիկն այդպես էլ այդ երեխայի տարիքը չկարողացավ ասել:

Նրա հավաստմամբ` որդու՝ Գառնիկի դուստրն է: Գառնիկը ևս այդ տնակի բնակիչ է, բայց այս պահին արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ փոքրիկին թողել տատի հսկողության տակ: Ախուրյան համայնքի  սոցիալական աջակցության տարածքային գործակալության պաշտոնական տվյալներով՝ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոց, տնակ 107-ի նախկին բնակիչ Գառնիկ Հովհաննեսի Տիգրանյանն իր ընտանիքի հետ արդեն 3-րդ տարին է` նշված հասցեում չի ապրում: Սոցիալական ու բնակարանային խնդիրն, իհարկե, առկա է, սակայն շան գլուխն այլ տեղ է թաղված: Օգտվելով մարդկանց վատ սոցիալական վիճակից, ցածր իրավագիտակցությունից` ոմանք շահարկում են երեխաներին` մարդկանցից գումար շորթելու համար։