ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մարտի 1-ի դեպքերից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տևական ժամանակ տաբու էր դրված: Բայց այդ իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ` նախ խորհրդարանում այդ թեմայով անցկացվեցին լսումներ, ԱԺ առաջիկա քառօրյայում էլ նախատեսված են այդ թեմայով «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է, թե ինչ է անելու դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, ինչի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր իր դիմումում: Ի պատասխան հարցման` դատախազությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ զեկույցը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Թերթը հիշեցնում է, որ այն վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: Ստացվում է՝ իշխանությունները համաձայնել են իրավական քննության առարկա դարձնել ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման թեման` կասկածի տակ դնելով այդ օրերին գործող իշխանության քայլերի օրինականությունն ու սահմանադրականությունը, մանավանդ, որ նախկին փաստահավաք խմբի անդամներն անառարկելի փաստեր ու հիմնավորումներ էին ներկայացրել:
«Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ. ե՛ւ ԱԺ-ում լսումները, ե՛ւ հիմա դատախազության քայլը չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու ստացվում է՝ Սերժ Սարգսյանը, որ դեռ 2011թ. ապրիլին «Հայ ազգային կոնգրեսի» պահանջով հանձնարարել էր վերանայել Մարտի 1-ի գործը, նորից վերաբացում է այդ թեման»,- գրված է հոդվածում:
Ըստ թերթի` այն ժամանակ այդպես էլ առարկայական քայլեր չարվեցին: Բայց հիմա միայն փաստահավաք խմբի զեկույցն ուսումնասիրության առարկա դարձնելը կարևոր իրողություն է: Հավանաբար սա արվում է նաև սլաքները Ռոբերտ Քոչարյանի կողմն ուղղելու և պատասխանատվությունը նրա վրա դնելու համար. չէ՞ որ այդ օրերին ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, հետևաբար բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել նրա հրամաններով:
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը՝ այսօրվա ընդդիմադիր գործիչը: