ՀՀ վարչապետը հանձնարարեց հայ–լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծել

Լիբանանյան այցից հետո Հայաստանում կստեղծվի հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պետք է առաջարկ նախապատրաստել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու համար։ Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀ կառավարության մարտի 15-ի նիստին` ներկայացնելով մարտի 12-14-ը Լիբանան կատարած պաշտոնական այցի արդյունքները։

Կարապետյանը Բեյրութ է մեկնել հարաբերություններին դրայվ հաղորդելու համար. նախարար

Լիբանանում նա հանդիպում է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության (նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի) հետ, ինչպես նաև գործարար շրջանակների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ։

Այս կապակցությամբ նա Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների հարցերի օրակարգերի ձևավորման, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։

«Պետք է նաև նախապատրաստվել ընդունելու այն գործարարներին, որոնք խոստացել են Հայաստան այցելել», — ավելացրեց նա։

Նշենք, որ Լիբանանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը դեռ աննշան է։ Միևնույն ժամանակ Լիբանանը բարեկամաբար է տրամադրված և՛ Հայաստանի, և՛ հայ համայնքի նկատմամբ։ Հայկական համայնքը Լիբանանի բնակչության 4%-ն է կազմում, հայեր կան երկրի խորհրդարանում և գործարար հատվածում։