ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պետությունը հիվանդանոցներին կօգնի վճարել էլեկտրոնային առողջապահության օպերատորի աշխատանքի համար։ Որոշումն այս մասին ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։
Առողջապահության էլեկտրոնային համակարգի միացումը սուբսիդավորվելու է։ Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևանի 100 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս, Երևանի 100 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկաներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար։
«Որոշ շրջաններում համացանց չկա։ Պետք է լուծել այդ հարցը», — նշեց վարչապետը։
Նա հանձնարարեց անհրաժեշտ պայմանները ստեղծել 15 օրվա ընթացքում։