Իհարկե, Բաքուն պետք է դժգոհեր. Քոչարյանը խոսել է Բակո Սահակյանի` ԱՄՆ այցելության մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ (այդ թվում Կոնգրեսում նրա ընդունելությունը) զայրացրել է Բաքվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Սպասելի էր, որ Բաքուն կդժգոհի Արցախի նախագահի` ԱՄՆ կատարած այցից։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը բնական է՝ սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում։ Սակայն ԼՂՀ արտաքին կապերը դրանից պակաս կարևոր չեն դառնում»,-ավելացրեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես, հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի. Բակո Սահակյանը` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին

Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին և բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն, Արցախը չճանաչելով, նյութական աջակցություն է ցուցաբերում երկրին, իսկ այժմ նաև հանրապետության ղեկավարին է ընդունել, այն էլ` երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։

Սա կապված է Կոնգրեսի ինքնուրույնության հետ. կոնգրեսականները կարող են կարծիք հայտնել, որը կարող է չհամընկնել նույնիսկ Սպիտակ տան տեսակետի հետ։ Ամեն դեպքում վերջին խոսքը Պետդեպն է ասում։

«Կայացած պետություններում արտաքին քաղաքականությունը բավական հետևողական է։ Իհարկե, ցանկացած գործիչ ազատության իր չափն ունի։ Կարելի է փոխել մարտավարական հարցերը, սակայն ոչ գլոբալ տեսակետը։ Մենք սա պարզ տեսանք նաև Դոնալդ Թրամփի դեպքում», — հիշեցրեց Քոչարյանը։