Շարունակելու են փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում

Հայ ու ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնևի հայտարարությունների կարեւորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտ — Sputnik. ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարևորվել է երկու պետությունների միջև բարեկամության ու համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Համատեղ հայտարարությունում անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին, նախանշվել են միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ռուսաստանը կհարգի Հայաստանի վարչապետի ժողովրդավարական ընտրությունը. Կոսաչով

Կողմերն, ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեւ ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ շրջանակներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ կողմերը հաստատել են ձգտումը շարունակելու փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հնչեցրած համատեղ հայտարարություններում եւ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության դրույթներում: Կողմերը նաև ընդգծել են վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների լիարժեք պահպանման եւ կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչի մասին հնչեցվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, նաեւ 2017 թվականին Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Համատեղ հայտարարությունում կողմերն անդրադարձել են նաև առեւտրատնտեսական փոխգործակցության ոլորտում առաջընթացի միտումներին, 2017 թվականի ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության աճին, Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2018 թ. երկրորդ կեսին, Մոսկվայում:

Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ եւ ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կարեւորությունը: