ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Աշխարհահռչակ դիրիժոր Անտոնի Վիթը Երևան է եկել` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ուենալու համար։ Վիթն արդեն հասցրել է զբոսնել Երևանի մայրաքաղաքով, ինչի մասին այսօր տեղեկացրել է լրագրողներին։
Երաժշտի խոսքով` նրան հաջողվել է հաղթահարել Կասկադի բարձունքը, նաև լավ տպավորություններ ստանալ մեր քաղաքից։ Արևոտ եղանակն առավել նպաստել է դրան։
«Մենք փորձերը սկսեցինք երկուշաբթի,արդեն չորս անգամ միասին նվագել ենք։ Հայկական նվագախումբը հիանալի է աշխատում, համոզված եմ` հրաշալի համերգ է լինելու։ Ձեր նվագախումբը թույլ կողմեր չունի, բոլոր երաժիշտները սիրով են նվագում», — այսօր լրագրողներին ասաց «Գրեմմիի», «Էմմիի», իսկ Կաննում Classical Awards-ի դափնեկիր ու հավակնորդ, աշխարհահռչակ դիրիժոր Անտոնի Վիթը։
Անդրադառնալով հայկական երաժշտությանը` մաեստրոն նշեց, որ իր խմբավարմամբ հնչել են հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Բացի այդ, պարզվեց, որ նա լավ է ճանաչել հայ և խորհրդային դիրիժոր Օհան Դուրյանին, սակայն չի իմացել, որ նա հայ է։
«Չգիտեի, որ նա Հայաստանից էր, լավ է, որ ասեցիք։ Ես ներկա եմ եղել նրա համերգներին ու փորձերին», — հավելեց նա։
Անտոնի Վիթի ղեկավարմամբ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը կկայանա մարտի 16-ին Երևանում։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կստանան լսելու Մոցարտի №41 սիմֆոնիան («Յուպիտեր») և Բրուքների №3 սիմֆոնիան։