Ադրբեջանի ռազմական բյուջեն փոքրացել է. արդյո՞ք Բաքուն կզսպի ախորժակը

Ադրբեջանը մոտակա տարիներին հազիվ թե կարողանա նախկին ծավալներով զենք–զինամթերք գնել, այդ թվում` Ռուսաստանից։ Ռուս քաղաքական գործիչների հայտարարություններից դատելով` Մոսկվան անձամբ է վերանայել Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության որոշակի ասպեկտներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ադրբեջանի ռազմական ծախսերը վերջին մի քանի տարվա ընթացքում նվազել են դոլարային արտահայտմամբ, ինչը կապված է նավթի գների անկման, մանաթի արժեզրկման և այլ գործոնների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց Razm.info ռազմական պորտալի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Արցախն «էժանացել է» ադրբեջանցիների համար 270 մլն դոլարով

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը մոտակա տարիներին հազիվ թե կարողանա նախկին ծավալներով զենք-զինամթերք գնել, այդ թվում` Ռուսաստանից։ Բացի այդ, ռուս քաղաքական գործիչների հայտարարություններից դատելով, Մոսկվան անձամբ է վերանայել Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության որոշակի ասպեկտները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին ասել էր ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։ Նրա խոսքով` 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո Ռուսաստանը փոխել է իր ռազմական քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Վրթանեսյանը նշեց, որ ռուսական սպառազինության մատակարարման վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև խոշոր պայմանագրեր էին ստորագրվել 2010-2013 թվականներին, և ռուսական ռազմատեխնիկայի այս կամ այն խմբաքանակի մատակարարումն Ադրբեջան (ինչի մասին պարբերաբար և հետևողականորեն գրում են հարևան երկրների ԶԼՄ-ները) իրականացվում է այդ հին պայմանագրերի շրջանակում։

Հարկ է նշել նաև, որ Բաքուն վերջին տարիներին ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ ակտիվ բանակցություններ է վարում Պակիստանի հետ։ Իսլամաբադը Արցախյան հակամարտության վերաբերյալ միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ավելին, մինչ օրս պաշտոնապես չի ճանաչում Հայաստանը։ Վրթանեսյանի խոսքով, ադրբեջանա-պակիստանյան համագործակցության հարցում, սակայն, դեռ լուրջ առաջընթաց չի լինի։

«Պարբերաբար քննարկվում է 10 միավոր ուսումնամարտական Super Mushak կործանիչների, առանձին օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Սակայն այս ամենը դեռ խոսակցությունների մակարդակում է։ Ադրբեջանն ընդհանրապես վերջին տարիներին զենք էր գնում աշխարհի ամենատարբեր երկրներից, և այդ բազմազանությունը դժվարություններ է առաջացնում կիրառման հարցում», — նկատեց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին պաշտպանության և անվտանգության վրա Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար է ծախսելու։ Դա զգալիորեն գերազանցում է Հայաստանի նմանատիպ ծախսերը (512 մլն դոլար), սակայն երեք տարվա վաղեմություն ունեցող իրավիճակի համեմատ, ավելի քիչ է։ Ավելին` այդ գումարի կեսը կծախսվի ներքին զորքերը, ազգային անվտանգությունը պահելու համար։ Պաշտպանության համար շուրջ 800 մլն դոլար կծախսվի։