«Լավ երեկոյի» վատ հետևանքները, կամ ինչպես էին մարտի 8-ին Հանրայինի եթերով ծաղրում կանանց

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացել է խոսել Հանրային հեռուստատեսության ղեկավարության հետ։ Նախարարին զայրացրել է «Լավ երեկո» հաղորդաշարի ռեպորտաժը կանանց գաղութից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանը մարտի 8-ի առիթով այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Երիտասարդ լրագրողը հումորային հաղորդման համար նկարահանած իր ռեպորտաժը վերնագրել էր «Արդարության հետքերով», սակայն հասարակության մեծ մասի համոզմամբ` նա իր ռեպորտաժի հերոսուհիների հետ անարդար էր վարվել։

Մարտի 8-ին եթեր հեռարձակված հաղորդման շուրջ կրքերն առ այսօր չեն դադարում։ Ռեպորտաժի մասին այսօր լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ նման բանն անթույլատրելի է։

Հանրային Հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

«Ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ անցկացնելու «Առաջին ալիքի» ղեկավարության հետ, քանի որ դա առաջին դեպքը չէ, այլ Հանրային հեռուստատեսության երկրորդ լուրջ բացթողումն է: Մենք դա քննարկել ենք»,- ասաց Հարությունյանը՝ հրաժարվելով ասել, թե որն է եղել առաջին դեպքը:

Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` հայտնեցին. «Հեռուստաընկերության ղեկավարությունը զբաղվում է այդ հարցով և կապի մեջ է արդարադատության նախարարության հետ»։ Հաղորդման հեղինակների ու ստեղծագործական անձնակազմի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին մեր հարցին Հանրային հեռուստատեսությունում չցանկացան պատասխանել։

Իսկ մինչ այդ հեռուստադիտողները շարունակում են քարկոծել հաղորդման հեղինակներին, նաև «Լավ երեկոյի» ֆեյսբուքյան էջում թողած իրենց քննադատական մեկնաբանություններում։

«Հանրային հեռուստաալիքի թիմը հաղորդումը եթեր հեռարձակելուց առաջ ինչ-որ ձևով բովանդակությունը վերահսկո՞ւմ է։ Հումոր ես չնկատեցի, ավելին՝ այս անգամ ցինիզմ էր։ Ոչ մի իմաստ, մեսիջ չունեցող տափակ հաղորդում էր, որտեղ շատ պարզ ձևով ներկայացվում է ձեր վերաբերմունքը այդ խոցելի խմբի նկատմամբ։ Նվազագույնը, որ կարող եք անել` որպես երկիրը ներկայացնող առաջին ալիք, սոցիալական պատասխանատվության չնչին զգացում ունենալն է, ինչը բացակայում է ձեզ մոտ»,- մարտի 8-ին նվիրված հիշյալ հաղորդման տեսանյութի տակ իր մեկնաբանությունն է թողել օգտատերերից մեկը։

Մեկ ուրիշն էլ հաղորդման ստեղծագործական խմբին հետևյալ խորհուրդն է տալիս. «Եթե ստեղծագործական կրիզիսի մեջ եք, կամ կրեատիվի պակաս ունեք՝ թաքուն մոտեցեք իսկական ստեղծագործական ձիրք ունեցող մարդկանց, հարցուփորձ արեք ու միտքը գողացեք: Դրա համար Հայաստանում բանտ չեք նստի»։

Գրառումները շատ են, բոլորին չանդրադառնալու համար պարզապես նշենք, որ համացանցում իրենց կարծիքներն են հայտնել նաև իրավապաշտպաններ և լրագրողներ` մասնավորապես նշելով, որ դատապարտյալ կանայք խոցելի խումբ են, ում հետ նման ձևաչափով հարցազրույց անցկացնելն ու նրանց ծաղր ու ծանակի ենթարկելն անընդունելի է:

Որքա՞ն արժե հայ կինը, կամ ինչպես փրկվել «նիսյայի տետրից»

Մի կողմ թողնելով բարոյական ու էթիկական կողմը` պարզապես նկատենք, որ Արուս Տիգրանյանի ռեպորտաժի շուրջ քննարկումները ստվերեցին հաղորդման հաջորդ հատվածում մեկ այլ կնոջ հետ հեռուստահաղորդավարներ Ավետ Բարսեղյանի ու Արամ MP3-ի` ոչ պակաս վիրավորական հարցազրույցը։

Այստեղ, հիշեցնենք, երկու տղաները բացահայտ ծիծաղում էին «Միսս Արմենիայի» հաղթող Լիլի Սարգսյանի վրա։ Աղջիկը, որ ոչ մի կերպ չէր կարողանում ձևակերպել հայ կանանց ուղղված իր մաղթանքը, հաղորդավարներին մի քանի անգամ խնդրում էր նորից խոսքը սկսելու հնարավորություն տալ` վստահ լինելով, որ չստացված հատվածները մոնտաժվելու են։ Բայց, ինչպես պարզվեց եթերից հետո, մոնտաժ այդպես էլ չէր արվել։ Համաձայնեք, որ լրագրողական էթիկայի տեսակետից արհեստավարժ շոումենների արածն ավելի մեծ խախտում է, քան այն, ինչ արել էր անփորձ լրագրողը կանանց գաղութում։ Արուսի զրուցակից դատապարտյալ կանայք, դատելով ռեպորտաժից, գոնե գիտեին, որ այն ամենը, ինչ իրենք կասեն, եթեր է հեռարձակվելու։