Հայաստանի քաղաքացիների միայն 10%-ն է գոհ երկրի քաղաքական ուղուց

Հայաստանի քաղաքացիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը քաղաքական ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նման եզրակացության են եկել Հայաստանում հարցում իրականացրած միջազգային կառույցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանցիների 51%-ը կարծում է, որ Հայաստանը սխալ քաղաքական ուղի է բռնել, և միայն 10%-ն է համոզված, որ Հայաստանի բռնած ուղին ճիշտ է։

Նման եզրակացության են հանգել Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետները` հիմնվելով 2011-2017 թվականներին իրենց հրապարակած «Կովկասյան բարոմետր» զեկույցների շարքի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Life in Transition Survey (LiTS) իրականացրած հարցախույզի տվյալների վրա։

Հայաստանում կյանքն էժանանում է, որովհետև հայաստանցին փող չունի

Նույն հետազոտության համաձայն` ՀՀ քաղաքացիների 39%-ը կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն իրականացնում երկրում, քաղաքական ընդդիմությանը վստահում է 15%-ը:

9%-ը կարծում, որ երկրում իրականացվում են ազատ և թափանցիկ ընտրություններ, 35%-ը համոզված է, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, 28%-ը` որ մամուլն ազատ է:

Հայաստանում օրենքի գերակայությանը հավատում է հայաստանցիների ընդամենը 20%-ը, արդարադատությանը`15%-ը։

Հարցվածների միայն 40%-ն է կարծում, որ Հայաստանում կա գենդերային հավասարություն, խաղաղություն ու կայունություն: