ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայ մաքսավորները ստիպում են էլեկտրամոբիլների վարորդներին բնապահպանական հարկ վճարել` չնայած նրան, որ այդ մեքենաները վնասակար արտանետումներ չունեն, երկուշաբթի լրագրողներին ասաց ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանը։
2017թ-ի ընթացքում Ճապոնիայից պատվիրված ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում հաշվի են առել դրանց «ինվոյսային» արժեքը, ինչը հաշվի չեն առել Վրաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայի երկրներից ներկրելու դեպքում։
Հայաստանի Պետական գնումների կոմիտեն մաքսային ձևակերպումները հեշտացնելու և սպասարկումը բարելավելու նպատակով 2018թ-ի հունվարի 8-ին petekamutner.am պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային գների մասին, որոնք պետք է նշվեն փաստաթղթերը լրացնելիս։
«Դա պետք է նվազեցներ կոռուպցիոն ռիսկերը, բայց խնդիրները չեն վերացել։ Քաղաքացիները նույն մակնիշի և նույն տարվա ավտոմեքենաներ են գնում, բայց տարբեր վիճակում և տարբեր վազքով», — ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` դրանց գինը զգալիորեն տարբերվում է, բայց մաքսազերծման համար ստիպված են նույն գումարը վճարել։ Իրավապաշտպանին դիմել են նրանք, ովքեր Ճապոնիայից ավտոմեքենաներ են պատվիրել դեռ 2017թ-ի վերջին (մեքենաները Հայաստան են հասնում մի քանի ամսում) և չեն իմացել, որ 2018թ-ին կլինեն նորամուծություններ և գների ստանդարտացում։
Խաչատրյանը նշեց, որ այդ մարդիկ դիմել եմ Մաքսային կոմիտե, մի քանի գործեր դրական լուծում են ստացել, բայց խնդիրը չի վերացել։
Անարդարության առավել վառ օրինակ է էլեկտրամոբիլից բնապահպանական հարկ գանձելը (ածխաթթվային գազի արտանետումների համար)։
Իրավապաշտպանը ներկայացրեց լրացված մաքսային օրդեր, որը տրամադրել են հունվարի սկզբին, և հստակ երևում է, որ էլեկտրամոբիլի վարորդը նման հարկ է վճարել (2 տոկոս)։ Միաժամանակ, նրա խոսքով, փաստաթղթում նշվում է շարժիչի այնպիսի ծավալ, որը, իհարկե, չի կարող համապատասխանել ավտոմեքենայի այդ մակնիշին։
Նրա խոսքով` սա միակ դեպքը, նման պատմությունները համատարած բնույթ են կրում, իսկ այն դեպքերում, երբ հարկը չի վճարվում, գործում է կոռուպցիոն բաղադրիչը։
Խաչատրյանը նշեց` վարորդները հաճախ նախընտրում են տուրք վճարել, որպեսզի հետո չվճարեն մաքսատանը մեքենան պահելու համար և խուսափեն դատական քաշքշուկներից։
«Շատ երկրներում էլեկտրամոբիլներ ներկրելու դեպքում ոչ միայն բնապահպանական հարկ չեն գանձում, այլ ընդհանրապես մաքսատուրքեր չկան։ Պետությունը խթանում է նման մեքենաներ գնելը», — ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ 2017թ. հոկտեմբերի 12-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր որոշում նախապատրաստել էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելու մասին, բայց ոչ մի փոփոխություն չի եղել։