Հայ ուսանողների «երկրային» սարքը «տիեզերական» ճանաչում ստացավ

Սարքը չափում է հողի խոնավությունը և թույլ է տալիս ավելի լավ կարգավորել ոռոգումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ուսանողներն Էջմիածնից սկսել են փորձարկել հողի խոնավությունը չափող իրենց սարքը։ Եթե հողը շատ չոր է, այն ազդանշան է տալիս` ժամանակն է ջրելու։ Իսկ երբ խոնավությունն անհրաժեշտ նշագծի է հասնում, ոռոգումը կարելի է դադարեցնել, ջուրն իզուր չվատնելու համար։

Գևորգ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հայրապետյանն Էջմիածնից են։ Արարատյան դաշտավայրում չոր և շոգ է։ Հուլիսի կեսերին բավական է քաղաքից մեկ–երկու կմ հեռանալ, տեսնելու համար, թե ոռոգումը, նույնիսկ մի քանի ժամով, ուշացնելն ինչ գին կարող է ունենալ։

«Չարի առանցքներ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն հայտնագործությունը տիեզերքի ձևի մասին

Տղաները 18 տարեկան են, 2017 թվականին նրանց Locotech սթարթափն արդեն հաղթել էր ԱՄՆ աերոտիեզերական գործակալության` NASA Space Challenge–ի սթարթափերի մրցույթի ազգային փուլում։ Իսկ միջազգային եզրափակչում` ամբողջ աշխարհի նախագծերից 8-րդ տեղը զբաղեցրել։

Խոնավությունը սարքը չափում է հաղորդունակությամբ։ Որքան ջուրը շատ է, այնքան բարձր է հաղորդունակությունը (իհարկե, ազդում է նաև հողի բաղադրությունը, սակայն գործնականում` այդքան էական չէ)։ Սկզբունքը քաջ հայտնի է, և նման սարքեր աշխարհում շատ կան, սակայն տղաները որոշել են անձամբ փորձել և ստեղծել իրենցը։ Չէ՞ որ վերանորոգում պահանջվելու դեպքում, նրանք կկարողանան գյուղ հասնել 1-2 ժամվա ընթացքում։ Իսկ եթե սարքն արտասահմանյան է, դետալներին հարկ կլինի սպասել մեկ շաբաթ կամ ավելի։ Իսկ սմբուկն ու դեղձը սպասել չեն սիրում, հատկապես երբ դաշտում +35 աստիճան է։

Դաշտում կամ այգում կարելի է խոնավության երկու ցուցանիշ տեղադրել` անհրաժեշտ և շատ չոր։ Կամ նույնիսկ յուրաքանչյուր հողակտորի վրա. չէ՞ որ տարբեր ծառեր և բույսեր տարբեր ջրի քանակ են պահանջում։ Ցանկության դեպքում ցուցանիշները կարելի է փոխել։

Համակարգն այժմ Կոտայքի մարզի ազնվամորու խոշոր այգում (14 հա) են փորձարկում։