«Ես ավելին եմ զգում, քան շատերը կարող են պատկերացնել». Ալեքսեյ Չումակովի խոստովանությունը

Ռուս երգիչ, «Один в Один!» կերպարանափոխման շոուի աստղն ինքնատիպ շնորհավորանք է ուղղել ինքն իրեն` ծննդյան օրվա կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովն Instagram–ի իր էջում անկեղծ նամակ է հրապարակել իր բաժանորդների և երկրպագուների համար։

Ընդ որում, գրությունը նա հրապարկել է` կցելով երեխաների հետ «Крылатые качели» հայտնի խորհրդային կոմպոզիցիայի կատարման տեսագրությունը։

Երգիչ Ալեքսեյ Չումակովը չթաքցրեց արցունքներն` արցախցի մոր մասին պատմելիս

«37 տարեկան եմ, այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Չեմ կաշառում «միլիոնավոր բաժանորդների», ընկերություն չեմ անում «նրանց հետ, ում հետ որ պետք է», չեմ փոխում երգի խոսքերն ու ակորդները «քանի որ այլապես, ձևաչափից դուրս կլինի»։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրում, ամեն ինչի համար ինքս եմ վճարում։ Հովանավորներ և պրոդյուսերներ չունեմ։ Թրենդների չեմ հետևում, սիրում եմ Սթիվի Ուանդերին», – խոստովանել է երգիչը։

Նա անկեղծորեն խոստովանել է, որ մինչև օրս հավատում է մարդկանց և նրա համար կարևոր չէ, թե որքան գումար ունեն իրենց հաշիվների վրա ընկերները։ Երգչի խոսքով` նա նոտաների չի տիրապետում, միևնույն ժամանակ, նա չի ամաչում իր գրած երաժշտության համար։

«Աշխատում եմ միայն պրոֆեսիոնալների հետ և անտեսում եմ արհեստականությունն արվեստի մեջ։ Ատում եմ անարդարությունն ու չեմ ձգտում սիրվել բոլորի կողմից։ Հենց այդ պատճառով էլ ցանկացածին կարող եմ ուղարկել գրողի ծոցը` բավական սկզբունքային լինելով։ Կարողանում եմ սիրել և ներել ամենաաններելին։ Զգում եմ ավելին, քան կարող են շատերը պատկերացնել», – նշել է Չումակովը։

Ալեքսեյն ընդգծել է, որ երբեմն խոժոռ ու կռվարար է լինում։ Բացի այդ, նա հաճախ ծուլություն է անում, եթե նրան որևէ բան հետաքրքիր չէ, սակայն նա պատրաստ է սարեր շրջել, եթե ոգեշնչված է։

«Շատ եմ ցավում, երբ սխալ եմ լինում և նեղացնում եմ ուրիշին, սակայն սառնասրտորեն կարող եմ վերացնել ցանկացածի, ով կխաթարի ընտանիքիս անվտանգությունը։ Ես անսահման սիրում եմ ունկնդիրներիս և պատրաստ եմ նայել ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ և գրկել յուրաքանչյուրիդ։ Ես անմիտ մեղքեր եմ գործել, սակայն հավատում եմ Աստծուն։ Հավատում եմ ռեինկարնացիային և նրան, որ հարազատ մարդիկ միմյանց կողքին են ցանկացած կյանքում», – եզրափակել է Չումակովը։

 

Այսօր` մարտի 12-ին, Ալեքսեյ Չումակովը դարձավ 37 տարեկան. նա անձամբ շնորհավորել է ինքն իրեն և բաժանորդներին` գարնան կապակցությամբ։ Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող և նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Մորական կողմից արցախցի է։