ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ադրբեջանն իր զորավարժություններով խախտում է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները։ Այս մասին ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է Twitter-ի իր էջում։
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց այդ մասին տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին»,- գրել է Բալայանը:
Ադրբեջանը հայտարարել է, որ մարտի 12-17-ը կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ 25 հազար զինծառայողի մասնակցությամբ, կգործարկվեն 250 տանկ և զրահատեխնիկա, 1000 միավոր հրետանա-հրանոթային միջոցներ, 50 միավոր ավիացիա։