ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Moody's-ն ափոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ Moody's-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, Moody's —ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:
Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ Moody's-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով «Baa3»: Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները Moody's կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):
Moody's-ը մատնանշել է նաև այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու և այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:
Որպես դրական ազդող գործոններ նշվել են. (1) Բարձր, թեև տատանողական, ՀՆԱ աճը, (2) Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդումը, (3) Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական և/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաև Moody's սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը: Նշենք, որ, ըստ Moody's կանխատեսման, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:
Moody's (Moody's Investors Service) գործակալությունը, Fitch-ը և Standard&Poor's-ը միջազգային վարկանշային գործակալություններ են, որոնք նաև «կետեր» են անվանում։ Սրանք մասնավոր ընկերություններ են, որոնք տարբեր ընկերությունների ու պետությունների վճարունակության վարկանիշներ են կազմում։ Ներդրողները հետագայում հաշվի են առնում այդ տվյալները գործընկերներ ընտրելու հարցում։ Տվյալ պահին, ըստ Moody's-ի, Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում է (սպեկուլյատիվության բարձր աստիճանի), ըստ Fitch-ի` B+ (նույնն է)։
Ինչ վերաբերում է Standard & Poor's-ին, գործակալությունը Հայաստանում չի աշխատում։