«Զվարթնոցի» գլխավոր տնօրենի զոքանչի մահվան գլխավոր կասկածյալը «Մարիաննայի» ղեկավարի տղան է

Երեկ տեղի ունեցած վրաերթի մեղավորը դեռ անհայտ է, մեղայականով ոստիկանություն է ներկայացել ոմն Լևոն Արեստակեսյանը, այնինչ ոստիկանները որպես մեղավոր բերման են ենթարկել «Մարիաննայի» գլխավոր տնօրենի որդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Երեկ գիշերը Վազգեն Սագսյան փողոցում տեղի ունեցած վրաերթի գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի 4-րդ գյուղի Հաղթանակ 6-րդ փողոցի 19 տան բնակիչ, 42-ամյա Լևոն Արեստակեսյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Ըստ հաղորդած տեղեկության` Արեստակեսյանը երեկ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին` 75-ամյա Մարիա Գրիգորյանն է, ով հավանաբար «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է։

Հիշեցնենք, որ նա դեպքի վայրում մահացել էր։ Իսկ վարորդը, նրան անօգնական թողնելով, դիմել էր փախուստի։

Մահացու վրաերթ Երևանի կենտրոնում. փախած վարորդը «Մարիաննայի» գլխավոր տնօրենի տղան է

Արեստակեսյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի` «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդու անվամբ։

Ի դեպ, ավտոմեքենան հաշվառված է «Մարիաննա» ընկերության հաշվեկշռում:

Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ մեքենայի ղեկի առաջ իրականում ոչ թե Արեստակեսյանն է եղել, այլ հենց նախնական կասկածյալը, իսկ նա պարզապես փորձում է քավության նոխազ դառնալ։

Այդ վարկածը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից ճշտվում է: