Դիմահարդար Գոհար Ավետիսյանին Instagram-ն արցունքների է հասցրել

Տաղանդավոր դիմահարդար Գոհար Ավետիսյանին զայրացրել է Instagram-ի` նյութեր հրապարակելու և ընտրելու քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում զայրալից գրառում է հրապարակել` սոցիալական ցանցում նյութեր ընտրելու քաղաքականության վերաբերյալ։

Գոհար Ավետիսյանը կորցնում է դեմքը. զվարճալի տեսանյութ

«Ինչի՞ համար, այ Instagram, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցիր։ Այսօր առավոտյան բացելով իմ էջը` հաղորդագրություն կարդացի, թե իմ նախորդ հրապարակումը հեռացվել է, քանի որ խախտում է ցանցի քաղաքականությունը։ Եվ որևէ կոճակ չկա այդ քայլի դեմ բողոքելու համար։ Պարզապես հարկավոր է սեղմել ok կոճակը։ Իսկ երկու վայրկյան անց հասկացա, որ խոսքն իմ ամենասիրելի աշխատանքի մասին է, որը ես երեկ էի արել` Տոնիի համար և հենց երեկ էլ տեսանյութը հանրայնացրել էի»,- գրել է Գոհարը։

Նա խոստովանել է, որ դա այնքան վիրավորական էր իր համար, որ նա անգամ արտասվել է։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ավետիսյանը տեսանյութ էր հրապարակել, որում նա կերպարանափոխում է դեմքի մի կեսն ամբողջությամբ կարմիր հետքով պատված աղջկան` այնպես, որ հետքի նշույլ անգամ չի երևում։ Instagram-ը հեռացրել է տեսանյութը` առանց որևէ պատճառաբանության։

«Ամեն տեսակի մերկ հետույքները և պոռնոգրաֆիական հրապարակումները ոչինչ չեն խախտում, իսկ իմ անմեղ կերպարանափոխումը հեռացվել է։ Դա՞ է արդարությունը, ասեք ինձ, ինչի՞ համար»,- ավելացրել է Ավետիսյանը` ասելով, որ անհետացել են նաև հրապարակման տակ արված բոլոր գրառումներն ու ջերմ բարեմաղթանքները։

Օգտատերերն անտարբեր չեն մնացել Գոհարի հրապարակման հանդեպ։ Մեկ ժամվա ընթացքում այն դիտվել է 111 հազար անգամ և հավանության արժանացել։

«Ես սովորաբար միայն հավանում եմ նյութերը, բայց հիմա խոստովանում եմ, որ աղջիկներիս համար դուք թարմ շունչ եք։ Կարծում եմ, նրանց երախտապարտությունն ամենից վեր է»,- գրել է olgakosha111-ը։