ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Ծագող աստղեր» միջազգային վոկալ-գործիքային մրցույթի դափնեկիր Էմիլյա Թերզյան-Խագբան Լատվիայի մայրաքաղաքում Sputnik Աբխազիային տված հարցազրույցում պատմել է՝ որքան հպարտ է, որ կարողացել է ըստ արժանվույն ներկայացնել Աբխազիան Ռիգայում կայացած միջազգային մրցույթում։
«Իհարկե, ես հուզվում էի, ցանկանում էի հնարավորինս լավ նվագել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ջութակի ուսուցչուհի Օլգա Գեորգիևնա Խագբային, որի մոտ սովորում եմ արդեն 6 տարի», — նշել է Էմիլյան։
Նրա խոսքով՝ աբխազ երաժիշտները հաճախ պետք է արտասահմանում ներկայացնեն իրենց հանրապետությունը։
«Ցանկանում եմ, որ Աբխազիայի ջութակահարները և մյուս երաժիշտները ավելի հաճախ մեկնեն երկրի սահմաններից դուրս և բոլորին ցույց տան, որ Աբխազիան միայն ծովը, գեղեցիկ բնությունը և հանգստավայրերը չեն, այլ նաև մշակութային երկիրն է», — ասել է ջութակահարուհին։
Նա նշել է, որ իր համար Ռիգայում ելույթը տպավորիչ է եղել, քանի որ դա նման մրցույթի մասնակցելու առաջին արտասահմանյան փորձն է։
«Բայց երբ սկսեցի նվագել, միանգամից հանգստացա, ազատվեցի և սկսեցի մտածել միայն երաժշտության մասին», — խոստովանեց նա։
Էմիլյայի մանկավարժը՝ Օլգա Խագբան, պատմել է, որ ելույթից առաջ հոգեբանական տրամադրվածությունը շատ կարևոր է։
«Մենք հեռախոսով կապ էինք հաստատում նրա հետ, երբ հնարավորություն էր լինում, ես փորձում էի հեռավորությունից տրամադրել նրան։ Մեզ օգնում էր նաև հույն ջութակահար, մեր սիմֆոնիկ նվագախմբի նախկին մասնակից Արտաշ Թերզյանը, մենք նրա հետ վաղուց ենք ծանոթ, հիանալի ջութակահար է, նա հաճախ է մեկնում հյուրախաղերի», — ասել է Խագբան։
Էմիլյա Թերզյան-Խագբայի հայրը՝ Աբխազիայի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Դավիթ Թերզյանը, ասել է, որ մրցույթին մասնակցելու նպատակը եղել է հաղթանակը։
«Նպատակը լավ ելույթ ունենալն էր, քանի որ մենք ներկայացնում ենք փոքր երկիր, որն ակնկալում է հաղթանակ, արդյունք։ Առավել ևս, որ քառորդ դարում դա մեր ջութակահարի առաջին ելույթն է նման մակարդակի միջազգային մրցույթում Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկում։ Այնտեղ սովորել են հիանալի երաժիշտներ` Գիդոն Կրեմերը, Կոգանը, Պերելմանը», — ասել է Դավիթ Թերզյանը։
Թերզյանի խոսքով՝ մրցույթին մասնակցել են երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։
«40 մասնակից կար, ընտրական փուլից հետո մնաց 18-ը, տարբեր անվանակարգեր էին սահմանված՝ վոկալիստներ, տավղահարներ, փողային, լարային, հարվածային նվագարանների կատարողներ։ Կարծում եմ, որ Էմիլյան պատվով է ելույթ ունեցել, նա հավաքել է ուժերը, ինձ խնդրել էր դուսր գալ դահլիճից, որպեսզի չլսեի, նա շատ է հուզվում, երբ ես դահլիճում եմ լինում», — ասել է նա։
«Ծագող աստղեր 2018» մրցույթին մասնակցել են դասական երաժշտության և ակադեմիական վոկալի 8-30 տարեկան մենակատարներ ու խմբեր։ Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը եղել է ջութակահար և դաշնակահար, արվեստաբան, Ստոկհոլմի Դրամատիկական ինստիտուտի, Սկանդինավիայի բիզնեսի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Միխայիլ Կազինիկը։