Ուսանողը վրաերթի է ենթարկել տղամարդուն, մեկ ուրիշ վարորդ էլ` նրա կնոջն ու փոքրիկին

Արագածոտնի մարզում 22 տարեկան ուսանողը վրաերթի է ենթարկել մեքենայի մոտ կանգնած տղամարդուն, մեկ այլ վարորդ էլ` օգնության հասած կնոջն ու երեխային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Արագածոտնի մարզում կինը` երեխային գրկած, փորձել է օգնել վրաերթի ենթարկված ամուսնուն, բայց մեկ այլ ավտոմեքենա էլ նրանց է հարվածել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` մարտի 9-ին։ Ժամը 20։50-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։ Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Ձվակիրյանին և փախել։

Սպանելուց առաջ թալանել է զոհին. Գավառի աղմկահարույց սպանության նոր մանրամասները

Տղամարդուն մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։

Ըստ կայքի՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։

Մինչ ոստիկանները կհայտնաբերեին Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկել նաև Ձվակիրյանի կնոջը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանին, ու նրա 6 ամսական տղային։

Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանց հարվածում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Այս դեպքում վարորդը չի փախել, օգնել է կնոջն ու երեխային տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է՝ փախուստի դիմած Կարապետյանը եղել է ոչ սթափ, իսկ Հովսեփյանը եղել է սթափ վիճակում։

Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ Կարապետյանը սովորում է Հայաստանի Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսում։