Ադրբեջանն իր բանակն է ցուցադրում. Հայաստանը սպասի՞ նոր սադրանքի

Артиллерийские установки ДАНА азербайджанских ВС
Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններն անցկացվում են երկրում սպասվող ընտրությունների ֆոնին, փորձագետները չեն բացառում, որ ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ադրբեջանական բանակը մտադիր է լայնածավալ զորավարժություններ անցկացնել տանկերի և զրահատեխնիկայի, հրետանու և ինքնաթիռների կիրառմամբ, ուսումնավարժանքները կանցկացվեն երկրի նախագահի ընտրությունից առաջ և ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին։

Артем Тоноян
Տոնոյան. «Ադրբեջանի ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն ունի»

Ադրբեջանը հայտարարել է, որ մարտի 12-17-ը կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ 25 հազար զինծառայողի մասնակցությամբ, կգործարկվեն 250 տանկ և զրահատեխնիկա, 1000 միավոր հրետանա-հրանոթային միջոցներ, 50 միավոր ավիացիա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ ցանկացած զորավարժություն մի քանի նպատակ է հետապնդում, ամենաակնհայտը` զորքի մարտունակությունը ստուգելն է, թերությունները հայտնաբերելն ու վերացնելը։

«Մյուս կողմից, ցանկացած զորավարժություն ներքին և արտաքին սպառող ունի։ Երկրի ներսում զորավարժությունները պետք է նպաստեն բնակչության շարքերում հայրենասիրական տրամադրությունների բարձրացմանը։ Դրանք ցույց են տալիս բանակի ուժը, հակառակորդին հաղթելու պատրաստականությունը», — ասաց Նահապետյանը։

Սա հատկապես կարևոր է երկրում կայանալիք ընտրությունների ֆոնին։ Նրա խոսքով` Իլհամ Ալիևը ժողովրդին ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված Ադրբեջանի կորցրած տարածքներն ուժով վերցնելու հարցում։

Փորձագետը չի բացառում, որ նման քանակի զինվորականների և տեխնիկայի կիրառումը կարող է նաև որոշակի սադրանքի տարր պարունակել։

«Ցանկացած զորավարժություն կարող է ռազմական գործողության վերածվել, առավել ևս, որ զորքերը մարտական պատրաստվածության վիճակում են։ Չեմ բացառում նաև այդ սցենարը», — ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով` նման սցենարն ամբողջությամբ համապատասխանում է ամերիկյան հետախուզության զեկույցի գնահատականին, ըստ որի` Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա։ Մյուս կողմից` նման ենթադրություններ կան սկսած 1994 թվականից, սակայն մինչ օրս պատերազմ չկա։

Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ հակամարտության սրացումը, լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկը կհանգեցնի ՀԱՊԿ-ի, մասնավորապես` Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամների ներգրավմանը։

Ադրբեջանն ավելի քան 2500 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. 7 օր առաջնագծում

«Չեմ կարծում եմ, որ Ադրբեջանն այդքան արկածախնդիր է կամ Անկարայի կողմից այնքան ուժեղ ճնշումների է ենթարկվում, որ նման գործողությունների դիմի», — նշեց Նահապետյանը։

Նա կարծում է, որ այսօրվա պայմաններում այդ զորավարժությունները ուժի ցուցադրում է արտաքին աշխարհի համար և վճռականության ցուցադրում` ներքին լսարանի համար։ Ադրբեջանի իշխանությունները, որպես մարտի դաշտում պարտություն կրած երկիր, պետք է ցուցադրեն իրենց ուժը` ընտրություններում ձայներ ստանալու համար։

Արևելագետ Արտյոմ Տոնոյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանում ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն է ենթադրում։

«Սակայն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, դրանք ներքաղաքական իրավիճակով են պայմանավորված։ Նախագահական ընտրություններ են սպասվում, ու թեև հիմնական ընդդիմադիր ուժերն այդ ընտրություններին չեն մասնակցում, նրանք հայտարարել են համազգային ցույցեր անցկացնելու մասին` սկսած մարտի 10-ից», — ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունը փորձում է վախեցնել ժողովրդին ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությամբ։ Տարբեր փորձագետների միջոցով նրանք ԶԼՄ-ներում կարծիքներ էին տարածում այն մասին, որ առաջիկայում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։

Ժողովրդին լարվածության մեջ պահելով` Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է բացառել ցանկացած տիպի ներքաղաքային գործընթացներ, որոնք կարող են սպառնալ իշխանությանը։

«Չի բացառվում, որ լարվածությունն ուժեղացնելու համար ադրբեջանցիները կարող են սադրանքի գնալ սահմանի վրա, հայկական կողմը պետք է ուշադիր լինի, և այդ մասին այստեղ տեղյակ են», — ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ նույնիսկ զորավարժություն անցկացնելու մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ մշակվելու է «պաշտպանությունն ու հակագրոհը», ինչով իշխանությունները հասարակությանը հուշում են, թե հայերն իբր կարող են հարձակում գործել։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` նախագահական ընտրությունները կանցկացվեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։